21/06/2026

EU – Armenia

Ռուսաստանը համաեվրոպական պատերա՞զմ է հրահրում

Հաշվի առնելով մեր քաղաքների դեմ հակառակորդի զանգվածային հարձակումները, որոնց ինտենսիվությունը մեծանում է և ակնհայտորեն ավելի է մեծանալու, ժամանակն է բաց հայտարարել, որ նացիստական Կիևի նկատմամբ ոչ մի կանոն այլևս չկա և չի կարող լինել։

Հունիսի 20-ին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ Ի՞նչ է նշանակում «Կիևի նկատմամբ ոչ մի կանոն այլևս չկա և չի կարող լինել» ձևակերպումը, «թարգմանության» կարիք չկա:

Խոսքը Ուկրաինայի «որոշում ընդունող կենտրոնների» զանգվածային հրթիռակոծման «անհրաժեշտության», ավելի պարզ ասած՝ Վլադիմիր Զելենսկու և բանակի ու հետախուզության առաջին դեմքերի ֆիզիկական ոչնչացման մասին է։

Այդ սպառնալիքը Մեդվեդևը հնչեցրել է մի փուլում, երբ Մոսկվայում սպասում են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի այցին, իսկ բրիտանական The Economist-ը գրել է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները քննարկում են «ռազմաճակատում շփման առկա գծի երկարությամբ հրադադար հաստատելու հնարավորությունը»։

Երևում է, Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը «դիվանագիտական խողովակներով այդ մասին իրազեկվել» է, և Մեդվեդևին հանձնարարվել է Թրամփի առաջարկությունը մերժելու «հող ստեղծել»։

Ուկրաինական Unian-ի աղբյուրները կարծիք են հայտնել, որ Վլադիմիր Պուտինը «մինչև հոկտեմբեր հրադադարի համաձայնության չի գնա»։ Ուկրաինացի դիվանագետները Վաշինգտոնում «ունեցած շփումներից հասկացել են, որ Պուտինը ծրագրում է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում աջակցել Թրամփին՝ ակնկալելով, որ հաղթանակի դեպքում նա կմեծացնի Զելենսկու հանդեպ ճնշումը»։

Որքանո՞վ է հավաստի Վաշինգտոնում «ուկրաինացի դիվանագետների» ունեցած տեղեկությունը, այլ աղբյուրներ առայժմ չեն հերքել, բայց եւ չեն հաստատել։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Մոսկվան աջակցել է Թրամփին։

Մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում այդ աջակցությունը կպահպանվի։ Խնդիր է, որ ուկրաինական այն կարգավորումը, որ անգամ ASEAN-ի երկրներն են ՌԴ հետ գագաթաժողովի արդյունքներով «Հռչակագրում» ՄԱԿ-ի Կանոնադրությունը հակամարտությունների կարգավորման իրավական հիմք ճանաչել։

Ու՞մ է հասցեագրված Մեդվեդևի սպառնալիքը, հասկանալի է։ Նրա հայտարարության ենթատեքստը Եվրոպայի նկատմամբ «կանոնների չեղարկումն» է։ Ավելի վաղ նա ուկրաինական կարգավորման միջոց է հռչակել «Եվրոպային անասնական վախի ներշնչումը»։ Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում։