15/07/2026

EU – Armenia

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է բարձրաձայնել Հայաստանում ընտանեկան բռնության թեման, ընտանիքներում տիրող իրավիճակն ու համակարգային լռությունը։

Հակոբյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և խոսել իրական դեպքերի մասին, նկարագրել իրավիճակներ, որոնք լսել է ականատեսներից։

Օրինակ՝ դեպքերից մեկում ամուսինը բակում ծեծել է կնոջը, սառը ջուր պահել նրա վրա, այնուհետև սկսել գոտիով հարվածներ հասցնել թաց մարմնին։ Գոտիով դաժան ծեծի ենթարկվելուց հետո կինը գնացել է հայրական տուն, սակայն մեկ ամիս անց հայրն ու եղբայրը նրան վերադարձրել են ամուսնու տուն։

Մեկ այլ դեպքում հաշմանդամության սայլակին գտնվող տղամարդը Մարտի 8-ը շնորհավորելու պատրվակով իր մոտ է կանչել կնոջը և դանակով հարվածել։

Եվս մի իրավիճակ էլ նկարագրվել է մարզասրահում կատարված դեպքից, երբ ամուսինները միասին մարզվել են, և շատ անակնկալ բոլորի ներկայությամբ ամուսինը սկսել է ոտքով հարվածել երիտասարդ կնոջը։

Խոսելով թեմայի մասին՝ Աննա Հակոբյանը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ առաջիկայում իրավիճակի իրական պատկերն ունենալու համար հարցում է անցկացվելու։

«Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է»,- փաստել է նա։