15/07/2026

EU – Armenia

Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում Թուրքիայում

Ուկրաինայի նախագահ Զելենսկին սպասում է, որ տասներկու ամսվա ընթացքում Եվրոպայի հակաբալիստիկ համակարգը, որ անվանվել է FREYJA «գործնականում կիրականանա»։

Ինչպես փոխանցել է ուկրաինական Unian-ը, Եվրոպայի հակաբալիստիկ համակարգի ստեղծմանը ներգրավվել են Ուկրաինան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Նիդեռլանդները Իսպանիան։ Ծրագիրը կիրականացվի ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի մասնակցությամբ։

Հակաբալիստիկ համակարգի ծրագրի համաձայնեցումը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, Փարիզում։ Տարածված պաշտոնական հաղորդագրության տեքստում ասված է, որ մասնակից երկրները գտնում են, որ Եվրոպայի պաշտպանությունը «պահանջում է հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգի ստեղծում, որպեսզի ապագա հրթիռային հարվածները զսպվեն»։ Փաստաթղթում ընդգծված է «Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվելու ընթացքում Ուկրաինայի ձեռք բերած բացառիկ փորձը»։

Մասնակիցները պայմանավորվել են, որ ստեղծում են աշխատանքային խմբեր և սկսում են «ճանապարհային քարտեզի մշակումը, որպեսզի հնարավորությունները գնահատվեն»։ Հայտարարությունը տարածվել է, երբ Փարիզում սկսվել է Ուկրաինայի աջակից երկրների խորհրդաժողովը։ Արևմտյան մամուլը ընդգծել է, որ այս անգամ «այդ կարևոր հանդիպումը կայանում է Բաստիլի գրավման հերթական տարելիցին ընդառաջ»։

Մեկնաբանելով ընդունված որոշումը, Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ աշխարհում «հակաբալիստիկ միջոցների սղություն կա»։ Ռուսաստանի կողմից վերջին օրերին ուկրաինական քաղաքների, նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքների դեմ կիրառվել են բալիստիկ հրթիռներ։ Դրանց մեծամասնությունը խոցել չի հաջողվել։

Փարիզում կայացած հանդիպումը վկայում է, որ Եվրոպան Ռուսաստանից խոր մտահոգություններ ունի։ Արևմտյան մամուլը վերջին օրերին ուշադրություն է դարձրել Կալինինգրադի մարզում Ռուսաստանի հրթիռային զինանոցի և դրա օգտագործման հնարավորության վրա։ Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մոտալուտ դադարեցմանը ոչ ոք հավատ չի ընծայում։

Խիստ մտահոգիչ է, որ, ինչպես որոշ աղբյուրներ են տեղեկացրել, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած թելեգրամյան ալիքները Թուրքիային մեղադրել են «Ռուսաստանի և Իրանի դեմ պատերազմին մասնակցելու համաձայնության» մեջ։ Ըստ երևույթին, նման ենթադրության համար հիմք է հանդիսացել Թրամփ-Էրդողան հանդիպումը և այն, որ Իրանի դեմ հարվածները վերսկսելու որոշումը ԱՄՆ նախագահը կայացրել է Անկարայում։ Այդ հողի վրա թուրք-իրանական լարվածությունը կարող է վնասել նաև Հարավային Կովկասի կայունությանը։