15/07/2026

EU – Armenia

Ի՞նչ դիրքորոշում ունեն Եվրոպայում «հակաադրբեջանական քարոզչության» հարցում

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և Երևանի ղեկավարների շահերն այս հարցում այդքան համընկնում։

Պատասխանը մեկն է՝ վախ։ Երբ ազդեցիկ հայը միջազգային ասպարեզում իր ռեսուրսներով հակադարձում է ադրբեջանական ագրեսիային, նա միաժամանակ դառնում է թիրախ թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի համար։

Սամվել Կարապետյանին լռեցնելու այս համակարգված փորձը հարված է ոչ թե անհատին, այլ Հայաստանի ազգային դիմադրողականությանը։ Սա պետք է գիտակցի ամեն հայ։ «Ազգ» օրաթերթի փոխանցմամբ ասել է «միջազգային իրավաբան» Ռոբերտ Ամստերդամը։

Փաստ է, որ Սամվել Կարապետյանը, գտնվելով տնային կալանքում, «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, ապա նույնանուն դաշինք է ստեղծել և մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։

Քարոզարշավի օրերին նա մամուլի ասուլիսներ է անցկացրել, տարածել տեսաուղերձներ, հանդիպումներ է ունեցել համակիր քաղաքական ուժերի առաջնորդների հետ, այսօր էլ ազատորեն շփվում է մամուլի ներկայացուցիչների հետ և լավագույն ցանկության դեպքում անգամ դժվար է ասել, թե նրան լռեցնելու «համակարգված փորձ է արվել» կամ արվում է։

Ինչ վերաբերում է օկուպացված Շուշիում Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն «հակաադրբեջանական քարոզչություն է ծավալել, և նրան հովանավորում է ռուսաստանցի հայ մեծահարուստ», ապա թեման նախապատմություն ունի։

Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի փուլում Բաքվի իշխանական minval politika կայքը հրապարակել է Օկամպոյի և անհայտ անձի միջև «տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը»։

Եթե ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկությանը հավատ ընծայենք, ապա կունենանք այս պատկերը, զրուցակիցը Օկամպոյին հարցնում է, թե Հայաստանի իշխանությունները ի՞նչ դիրքորոշում ունեն Եվրոպայում «հակաադրբեջանական քարոզչության» հարցում, Օկամպոն պատասխանել է, որ «անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունի, բայց նրա արտգործնախարարի հետ քննարկումներ ունեցել» է։

Բաքվի նշված լրատվամիջոցը այդ թեմայով երկու ծավալուն հրապարակում է արել և զարգացրել այն նարատիվը, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային խոսույթում հանդես է գալիս որպես Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի ջատագով, բայց «ինչպես վկայում է Օկամպոն, իրականում դավանում է ռևանշիզմ կամ էլ նա սեփական թիմին անգամ չի կարողանում լիովին վերահսկել»։

Ադրբեջանի հատուկ ծառայությունները ի՞նչ նպատակով են Օկամպո-անհայտ անձ «խոսակցության ձայնագրությունը» հանրայնացրել, հարց է, որի պատասխանը, հուսանք, Հայաստանի ԱԱԾ-ն և Արտաքին հետախուզության ծառայությունը արդեն գիտեն կամ շատ մոտ են դրան։

Մի բան ակնհայտ է, minval politika-ի հրապարակման հեղինակային իրավունքը պատկանում է Իլհամ Ալիևին։ Իսկ թե ինչո՞ւ նա «երգից մի տող դուրս է թողել» և Հայաստանի մեդիա-տիրույթում Սամվել Կարապետյանի հերոսացում նախաձեռնել, վտանգավորը դա է։