08/08/2026

EU – Armenia

Պարզվում է, 2008-ին ռուս – վրացական պատերազմում էլ գաղտնիք կա

Վլադիմիր Պուտինը Վրաստանի դեմ պատերազմը որպես «փորձագնդակ» է օգտագործել, որպեսզի տեսնի ագրեսիայի հանդեպ միջազգային արձագանքը, որին հաջորդեց Ղրիմի անեքսիան և Ուկրաինայում լիածավալ պատերազմը։

Այս գնահատականը «Դոյչե վելլի» վրացական նախագծին հայտնել է Քրիստոնեա-դեմոկրատական իշխող կուսակցությունից Գերմանիայի բունդեսթագի պատգամավոր Կնուտ Աբրահամը։

Գերմանացի խորհրդարանականի հայացքով՝ Պուտինը, մասնավորապես, «ցանկացել է թեսթավորել՝ որքանո՞վ են ամուր Վրաստանի հետ բարեկամության և համերաշխության մասին ամերիկացիների հայտարարությունները, որքանո՞վ է Վաշինգտոնը պատրաստ «անհրաժեշտության դեպքում այդ բարեկամությունը ամրապնդել ռազմական միջոցներով» և ստացել է շատ հստակ պատասխան»։

Օգոստոսի 8-ին լրանում է ռուս-վրացական «հնգօրյա պատերազմի» 18 տարին։ Այս առումով, թերևս, արժե հիշել երկու կարևորագույն իրադարձություն։ Վրաստանի դեմ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ ՌԴ նախագահի պաշտոնում «ընտրված» Դմիտրի Մեդվեդևը արտասահմանյան առաջին այցը կատարել է Բաքու, կողմերը ստորագրել են «Ռազմավարական գործընկերության մասին» երկրորդ հռչակագիրը։

Հանդիսանալով Վրաստանի դաշնակիցը՝ որպես ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ, Ադրբեջանը չի միացել Ռուսաստանի ագրեսիայի դատապարտմանը։

Նույն տարվա նոյեմբերի 2-ին ՌԴ նախագահ Մեդվեդևը մերձմոսկովյան Մայենդորֆ նստավայրում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին։

Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են «Մայենդորֆյան հռչակագիրը», որի իմաստով ղարաբաղյան հակամարտությունը «խոչընդոտում է Հարավային Կովկասի կայունությանը և տնտեսական ինտեգրացիային»։

Մայենդորֆում առաջին անգամ Հայաստանը ընդունել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի «ընդունված որոշումների և այլ փաստաթղթերի հիման վրա»։ Հռչակագրում ոչ մի խոսք չկա ղարաբաղյան կարգավորման «մադրիդյան սկզբունքների» մասին։

Կարելի է ասել, որ Ադրբեջանը և Ռուսաստանը «թեսթավորել» են, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան որքանո՞վ են հավատարիմ «մադրիդյան սկզբունքներին» և պարզել, որ Հայաստանը այդ հարցում Վաշինգտոնից և Փարիզից «հարկ եղած դեպքում» հիմնավոր աջակցություն չի ստանա։

Մայենդորֆից հետո Ստեփանակերտը շարունակաբար պնդել է, որ «մադրիդյան սկզբունքներով» կարգավորումը «ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ կբերի»։