2016 թ. պատմությունը արագացված տեմպերով կրկնվում է

- in Տնտեսական
Hashvark

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. առաջին 4 ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշները:

Համաձայն ԱՎԾ-ի՝ հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 105.7%: Նշենք, որ հունվար-մարտ ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 106.7%: Միաժամանակ 2016թ. ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ կազմել է ավելի բարձր, քան այս տարի՝ 106.0%: 2016թ. հունվար-մարտին արձանագրվել է տնտեսական ակտիվության 5.6%-անոց ցուցանիշ:

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների՝ արդյունաբերության ոլորտում արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ՝ 12.9%: Երկնիշ աճ է արձանագրվել նաև առևտրի շրջանառության առումով՝ 12.1%, ծառայությունների՝ 10.1% և արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 15.1%:

13.4%-անոց անկում է գրանցվել շինարարության բնագավառում, գրեթե 3%-անոց անկում՝ գյուղատնտեսության մեջ: Միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 2.3%-ով՝ ի հաշիվ ոչ պետական հատվածի, քանի որ պետական հատվածում արձանագրվել է աշխատավարձի անկում: Արտահանումը աճել է 16.1%-ով, ներմուծումը՝ 14.6%-ով: Փաստորեն տնտեսական աճն ապահովվել է առաջին հերթին արդյունաբերության արձանագրած ցուցանիշների հաշվին:

Ավելորդ չէ նշել, որ 2016թ. ապրիլին արդյունաբերության աճը կազմել է 10%, գյուղատնտեսությանը՝ 4.1%, շինարարության ոլորտում անկումը՝ 7.4%, առևտրի շրջանառությունը անկում է գրանցել 0.7%-ով, ծառայությունները աճել են 9.7%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5%-ով, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 3.2%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը` 4.2%-ով, ընդ որում, արտահանումն աճել է ավելի քան 22%-ով, ներմուծումը նվազել 3.5%-ով:

Եթե անցած տարի առաջին երկու ամիսների ավելի քան 4 տոկոսանոց աճին հաջորդել էին 5.6 և ապրիլի 6%-անոց աճերը, ապա այս տարի հանվարի 6.8%-անոց աճից հետո տեղի ունեցավ փոքր անկում՝ 6.6%, որը պահպանվեց նաև մարտին ու ապրիլին՝ այս անգամ ամբողջ մեկ տոկոսով: