10/11/2024

Փաշինյանի Եգիպտոս այցն ընդդեմ՝ Հայաստանին մեկուսացնել եւ ներկայացնել որպես «իսլամաֆոբ Արեւմուտքի դաշնակցի»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոս է այցելել, երբ արաբական աշխարհի մյուս ազդեցիկ երկրում՝ Սաուդյան Արաբիայում գումարվել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների արտակարգ համաժողով:

Այդ մասին լրահոսը դեռեւս բավական սուղ տեղեկություն է փոխանցում, բայց ինքնին հասկանալի է, որ քննարկումների առանցքում իսրայելա-պաղեստինյան խնդիրն է: Նույն օրն Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, ում մասին տեղեկություն էր տարածվել, որ «սրտի տագնապ է ունցել եւ մնացել տանը»՝ շատերի համար անսպասելի է Երուսաղեմում բաց հանդիպում է անցկացրել հրեական համայնքի ներկայացուցիչների հետ եւ կոչ արել Ռամադանի առթիվ «մուսուլմանների համար անարգել ճանապարհ բացել դեպի Ալ-Աքսա մզկիթ»:

ԻՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների համաժողովին մասնակցել է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը: Տարեսկզբին Իլհամ Ալիեւը հայտարարել է «իսլամաֆոբիայի դեմ պայքարի առաջին շարքերում կանգնելու պատրաստակամության» մասին:

Սաուդյան Արաբիայում կայացել է Իրանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, որի ընթացքում Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին տեղեկացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին: Բայրամովն ընդգծել է, որ «Հայաստանի կողմից տարածաշրջանում երրորդ կողմերի ներգրավումը չի նպաստում կայունությանը եւ խաղաղությանը, եւ որոշ երկրների կողմից նրան սպառազինելու ջանքերը սպառնալիք են խաղաղ գործընթացին»:

Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են նաեւ Թեհրանում ադրբեջանական դեսպանատան գործունեությունը վերականգնելու հարցը: Անցյալ տարի Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դեմ «ահաբեկչություն իրականացրած» անձն Իրանում դատապարտվել է մահապատժի: Բաքվի մամուլը կանխատեսում է, որ «ադրբեջանցի դիվանագետները մոտ ժամանակներս կժամանեն Թեհրան»: Երեւում է՝ դեսպանատան գործունեությունը միանգամից եւ լրիվ ծավալով չի վերականգնվի: Հավելյալ ի՞նչ ակնկալիքներ ունի Բաքուն՝ առայժմ պարզ չէ:

«Տարածաշրջանում երրորդ կողմի ներգրավման» ասին Բայրամովի դիտարկումից դատելով՝ Ադրբեջանը կցանկանար, որ այդ հարցով Թեհրանն ավելի հստակ եւ կոշտ դիրքորոշում ցուցաբերեր: Բայց արդյո՞ք Իրանի շահերից է բխում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դեմ թեկուզ զուտ դիվանագիտական խոսույթը: Եթե Իսլամական հանրապետությունն իրոք Մերձավոր Արեւելքում այլ գերխնդիր, քան Պաղեստինի անկախ պետության ստեղծումն է, չունի, ապա Արեւմուտքը, Եվրամիությունը նույնպես դա են պնդում:

Տպավորություն է, որ Պաղեստինի հարցում դիրքորոշումը եւ «իսլամաֆոբիայի դեմ պայքարի առաջին շարքերում կանգնելու պատրաստակամությունն» Իլհամ Ալիեւը փորձում է իսլամական աշխարհին բավական թանկ «վաճառել»՝ խնդիր դնելով Հայաստանին մեկուսացնել եւ ներկայացնել որպես «իսլամաֆոբ Արեւմուտքի դաշնակցի»: Այս առումով Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս այցը կարեւորվում է նրանով, որ Կահիրեն մի կողմից արաբական-իսլամական աշխարհի հետ է, մյուս կողմից, կարծես, Արեւմուտքի քաղաքական պրովայդերը:

Չափազանցություն կլիներ ասել, թե մեկ այցը Հայաստանի համար դեպի իսլամական կամ առնվազն արաբական աշխարհ հուսալի «պատուհան է բացում»: Բայց եթե Հայաստանի կողմից Գազային մարդասիրական օգնություն հասցնելու հարցը գործնական տեսքի բերվի, դա կլինի դիվանագիտական բավական արժեքավոր ձեռքբերում: