Օրերս ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակեց Ջո Հաբերմանի ու Փոլ Քողմարիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերլուծությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է հրապարակմանը։
Պատասխանելով «RAND»-ի հրապարակման մեջ տեղ գտած դրույթների մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանը` ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է. «Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն ողջ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության հիմնական սկզբունքն է, և հենց այդ նպատակով է, որ ընդլայնում ենք [մեր] ներգրավվածությունը Հայաստանի հետ լայն շրջանակով հարաբերություններում»:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է «ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը խաղաղություն և կայունություն է բերում Հարավային Կովկասի ազգերին»՝ հավելելով. «Ականատես ենք եղել Ռուսաստանի շարունակվող, ավերիչ ագրեսիային Ուկրաինայի դեմ, Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակական բռնազավթմանը և տարածաշրջանում ու ողջ աշխարհում ապակայունացնող գործողություններին: Ուստի, չենք կարող Ռուսաստանին դիտարկել որպես վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր»:
Անդրադառնալով նաև Իրանին՝ պետքարտուղարությունն ընդգծել է. «Մենք հետևողականորեն խրախուսել ենք այս տարածաշրջանի [Հարավային Կովկասի] երկրներին համապարփակ գնահատել Իրանի մտադրությունները և զգուշությամբ շարունակել իրանական ռեժիմի հետ կապված բոլոր գործարքները»:
Հիշեցնենք` օրերս ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակեց Ջո Հաբերմանի ու Փոլ Քողմարիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերլուծությունը: Վերլուծաբանների պնդմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է ավելի զգույշ ռազմավարություն վարի՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի շահերից ելնելով։ Այն պետք է Հայաստանին ապահովի իրեն պաշտպանելու միջոցներով՝ միաժամանակ հստակ ակնկալիքներ դնելով իր պարտավորությունների սահմանների վերաբերյալ:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը. Լուսանկար
Հայաստանի անվտանգության ճարտարապետության համար կարևոր դետալներից է
ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով