13/12/2024

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակը՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական սանիտարական վերահսկողության ընթացքում արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ:

«Գրության մեջ մասնավորապես նշված է, որ Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ արտադրության բնական կիսաքաղցր, ցածր ալկոհոլային «Այրում» նռան գինու լաբորատոր փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ ազորուբին (E122), ինչն այդ արտադրանքի հավանական կեղծման նշանների ցուցիչ է:

Վերոնշյալի հիման վրա Բելառուսի Հանրապետությունում ժամանակավորապես սահմանափակվել է տարածքում տվյալ ընկերության «Այրում» նռան գինու ներմուծումն ու շրջանառությունը։

Սակայն Բելառուսի գրության մեջ նշված չէ, թե «Այրում» նռան գինու ո՞ր խմբաքանակում է հայտնաբերվել անհամապատասխանությունը, արդյո՞ք ստուգվել են այլ խմբաքանակներ ևս և այլ մասնագիտական մանրամասներ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձանագրելով տվյալ հաղորդագրությունը որպես ահազանգ, Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում կիրականացնի վերահսկողական միջոցառումներ՝ ստուգելու համար Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը, ինչպես նաև կդիմի բելառուսական կողմին սահմանափակումների որոշակի մանրամասներ հստակեցնելու համար:

Արդյունքները ՍԱՏՄ-ն կհրապարակի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը։