22/11/2024

Եթե պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, ինչպե՞ս պետք է որոշվի, որ դա թույլատրելի է․ Թունյան

«Եթե պետական պաշտոնյան ինչ-որ միջոցառում է կազմակերպում՝ հարսանիք, ծննդյան արարողություն կամ ցանկացած այլ միջոցառում, և հյուրերը ծրարներով նվեր են բերում, հիմա որոշակի շեմը գերազանցելու դեպքում արդյո՞ք դրանք թույլատրելի են, թե՞ ոչ: Պաշտոնյային հրավիրում են որևէ հյուրընկալության, և սեղանի հաշիվը փակում է հրավիրողը՝ ընդունելի՞ է, թե՞ ոչ տվյալ օրենքի շրջանակներում»:

Այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հարցն ուղելով արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանին:

«Նաև պաշտոնյան ստանում է նվեր, որի արժեքը անհնար է ֆիքսել, ասենք՝ ձեռքով նկարած նկարը, որը կարող է գնահատվել 5 հազարից մինչև 5 միլիոն դրամ, էդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվել, և ի՞նչ է լինում, եթե այդ արվեստի ստեղծագործության արժեքը ստանալու պահին այլ արժեք է, բայց, օրինակ, նկարչի մահից հետո դրա գինը աճում է, ի՞նչ պետք է անի պետական պաշտոնյան»։

Փոխնախարարը, պատասխանելով պատգամավորին, նկատեց․ «Հարսանիքին ստացվող նվերներն առանձին հայտարարագրման ենթակա բլոկ է ցանկացած հանրային ծառայողի դեպքում: Այս նախագծով մենք հետագա կարգավորումներ ենք տալիս պետական սեփականություն դարձած նվերների հետագա ճակատագիրը և կառավարումը։ Հյուրասիրությունը ներառված է հնարավոր նվերների ցանկում, կանոնը այն է, թե արդյոք այդ նվերը կապվա՞ծ է հանրային պաշտոնյայի պաշտոնի հետ, այսինքն՝ ողջամիտ կասկած կա, թե արդյոք այդ նվերը տրվո՞ւմ է տվյալ պաշտոնյային կամ ծառայողին պաշտոնական պարտավորությունների կատարման շրջանակներում»։

Ինչ վերաբերում է, օրինակ, արվեստի գործերի հետ կապված խնդրին, ապա, ըստ Կարապետյանի, այդ հարցը կարգավորվելու է պետական արարողակարգի ծառայության միջոցով, որն էլ գնահատելու է նկարի գինը ու դրա հետագա ճակատագիրը։