27/07/2024

Տավուշի փոքր պայմանավորվածությունը ենթակա է քաղաքական գործընթացներին, որ ծավալվում են Կովկասի շուրջ

ԱՄՆ, Եվրամիությունը, անգամ Թուրքիան ողջունել են Հայաստանի եւ Ադրբբեջանի «սահմանային համաձայնությունը»: Առայժմ լռում են երկու էական երկիր՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան:

Իրանի դեսպանը Երեւանում պատասխանելով լրագրողների հարցերին ասել է, որ ՀՀ պաշտոնյաները տեղյակ են պահել հանդիպման և արձանագրության բովանդակության վերաբերյալ: Նա արձանագրել է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա կատարված լինելու հանգամանքը, ինչը թերեւս բավարարում է Իրանին, հաշվի առնելով սահմանների անփոփոխելիության մասին Թեհրանի պարբերական հայտարարությունները:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշում սահմանագծումից հետո ռուս խաղաղապահների հենակետը դուրս կգա, քանի որ պետական սահմանը կպահեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները: Այդ հենակետերը Տավուշում հայտնվել են հենց Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, ինչպես խոստովանել է ինքը Փաշինյանը:

Նա այժմ նշում է, որ դա այլ իրավիճակ էր, այսօր իրավիճակը եւ իրողությունները այլն են: Կասկածից վեր է, որ Տավուշի սահմանի փոքր հատվածների առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը այդուհանդերձ ենթակա է այն մեծ քաղաքականության գործընթացներին, որ ծավալվում են Կովկասի շուրջ:

Սահմանային համաձայնության Երեւանին հաջողվել է այդ գործընթացնների նկատելի խտացման պայմաններում հասնել մի համաձայնության, որը առնվազն իր իմպլեմենտացիայի ժամանակահատվածի առումով կարող է տալ իրավիճակը կառավարելու հնարավորություն: Որքան է այդ ժամանակահատվածը, ստույգ չէ, գոնե առայժմ: Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտարարել է, թե խոսքը «ողջամիտ ժամկետի» մասին է, սակայն չպետք է լինի արհեստական ձգձգում: Ո՞րն է ողջամիտ ժամկետը, ասելը բավականին բարդ է:

Հարց է առաջանում, եթե բարդություններ են առաջանում իմպլեմենտացիայի գործընթացում՝ հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանում կա դժգոհություն, այդ թվում հենց վերոհիշյալ համաձայնության սահմանային գոտում գտնվող գյուղերում, ի՞նչ է տեղի ունենում: Երեւանն ու Բաքուն քննարկե՞լ են այդպիսի զարգացում, այդպիսի սցենարի հնարավորություն, եւ ի՞նչ են խոսել այդ առնչությամբ՝ իմպլեմենտացիա ամեն գնո՞վ, այլապես՝ ռազմական էսկալացիա, թե՞ դիտարկվել են այլ մոտեցումներ:

Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր Տավուշում, երբ երկրորդ անգամ էր այցելել այնտեղ, որ չի լինելու խորհրդարանի արտահերթ ընտրություն: Իհարկե, տարօրինակ կլիներ, եթե անգամ այդպիսի մտադրություն կամ սցենար դիտարկելու պարագայում Փաշինյանը դրա մասին հայտներ բարձրաձայն: Սակայն, տարօրինակ կլինի այն, որ Նիկոլ Փաշինյանը չունենա այդօրինակ սցենարի գործուն դիտարկում: