27/07/2024

Քաղաքական վերնախավերը ի վիճակի չեն ապահովել այլընտրանքային լուծումների մեխանիզմների գոյություն

Իսկ ո՞րն է այլընտրանքը, հնչում է հարցը ի պատասխան այն քննադատության, կոշտ ընդդիմախոսության, դիմադրության, որ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ բարձրացնում են իշխանության առաջ՝ Տավուշի սահմանի երկու հատվածների վերաբերյալ հայ-ադրբեջանական պայմանավորվածության առիթով:

Իշխանությունն ինքն էլ պատասխանում է իր բարձրացրած հարցին՝ այլընտրանքը պատերազմն է: Ու թվում է, որ ամեն ինչ երկաթյա է ու սպառիչ՝ կամ համաձայնում ենք գոյություն ունեցող միակ տարբերակին, կամ՝ պատերազմ:

Որեւէ ողջախոհ մարդ չի կարող պատերազմ ցանկանալ: Բայց, նաեւ չի կարող ողջախոհ համարվել որեւէ պետական հարցում այլընտրանքի բացակայություն ֆիքսելը, հատկապես, երբ խոսքը ոչ թե ներքին, այլ արտաքին-անվտանգային խնդրի մասին է, այն էլ՝ հակառակորդի հետ ունեցած խնդրի, որը առանձնապես չի էլ կաշկանդվում ուժային գործիքակազմի կիրառումից: Երբ այդ մակարդակի հարցում ստեղծվում է «անայլընտրանք» իրավիճակ, ապա, դա ոչ միայն հակառակորդին է տալիս շանտաժը խորացնելու որ խթան, նոր լիցք, այլ ըստ էության նաեւ «լեգիտիմացնում» է այդ իրավիճակը միջազգայնորեն:

Եթե հայ ժողովուրդը, հայ հանրությունը, Հայաստանի հասարակական-քաղաքական վերնախավերը ի վիճակի չեն բարդ վիճակներում ապահովել այլընտրանքային լուծումների իրատեսական մեխանիզմների գոյություն եւ աշխատանք, ուրեմն այն, ինչ նրանց հետ կատարվում է՝ արդար է:

Սա է լինելու համաշխարհային ուժի ամենատարբեր կենտրոնների վերաբերմունքն ու գնահատականը, եթե արդեն իսկ դա չէ, եւ եթե արդեն իսկ դրա հետեւանք չէ մեզ հետ տեղի ունեցողը:

Եթե մեր հավաքական միտքը պետք է աշխատի ոչ թե մեր այլընտրանքային լուծումների ներուժ ձեւավորելու, այլ ընդամենը այլընտրանք փրկիչ փննտրելու ուղղությամբ՝ լինի ներքին, թե արտաքին փրկիչ, ապա մեր հանդեպ արտաքին վերաբերմունքը լինելու է հենց դա՝ ինչ կատարվում է այդ հանրության եւ պետության հետ, արդար է:

Եվ թեկուզ կատարվողը մարդկայնորեն, բարոյականորեն որեւէ աղերս չունի արդարության հետ, այդուհանդերձ քաղաքական առումով, որքան էլ չհնչի ցավալի, կլինի արդար՝ եթե մենք ի վիճակի չենք գտնել որեւէ այլընտրանք առկա լուծմանը, այլ ոչ թե հակառակորդի հետ մեկտեղ ինքներս մեզ սպառնանք պատերազմով: