27/07/2024

Դիվանագիտական խոսույթում ոչ միայն բառերը, նույնիսկ կետադրական նշաններն են ամենայն բծախնդրությամբ ընտրվում

Մայիսի 28-ի առթիվ ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական կայքը հրապարակել է պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ժողովրդին հասցեագրած ուղերձը, որտեղ նա պատրաստակամություն է հայտնում այսուհետ եւս սատարել Երեւանի եւ Բաքվի ջանքերին՝ կարգավորելու հարաբերությունները, որ կծառայի Հարավային Կովկասի բարօրությանը:

Մենք շարունակում ենք աջակցել այդ ջանքերին, որպեսզի շրջենք ձգձգված հակամարտության էջը եւ կառուցենք լավագույն ապագա,- ասված է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում:

«Այս կարեւոր տոնական օրը, որ նվիրված է անկախությանը, ես հաստատում եմ Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը ԱՄՆ աջակցությունը»-հավաստիացնում է ԱՄՆ պետքարտուղարը: Դիվանագիտական խոսույթում ոչ միայն բառերը, նույնիսկ կետադրական նշաններն են ամենայն բծախնդրությամբ ընտրվում: Այս առումով աչքի է զարնում այն, որ տարածաշրջանի լավագույն ապագան կառուցելու հարցում ԱՄՆ աջակցության մասին խոսել Բլինքենն օգտագործել է «անկախությանը նվիրված տոնական օր» երկիմաստ ձեւակերպումը:

Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը 1918թ. մայիսի 28-ին հռչակվել է երկու օր առաջ Գյանջա մտած՝ Օսմանյան Թուրքիայի էքսպեդիցիոն կորպուսի հրամանատար Նուրի փաշայի պահանջով: Ընդ որում, տեղի է ունեցել իրավական նենգափոխություն. Անդրկովկասյան Սեյմի մուսուլմանական խմբակցությունը վերակազմավորվել է Ադրբեջանի Ազգային խորհրդի:

Բլինքենի կողմից արված «անկախությանը նվիրված օր» ձեւակերպումն արդյոք այդ պատմա-քաղաքական փոխակերպման հիշեցում չէ՞ կամ ակնարկ, որ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի անկախության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումը որոշակի «կանխավճար է»: Ուղերձում Ադրբեջանի իշխանություններին որեւէ հասցեագրում չկա: Ընդ որում մոտ ապագայում սպասվում է, որ Բաքու կայցելի պետքարտուղարության կովկասյան հացերով բանագնաց, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Լուիս Բոնոն:

Անցյալ շաբաթ Վաշինգտոն է գործուղվել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը: Երեւում է, պետական դեպարտամենտում եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի հետ բանակցություններն էական արդյունք չեն ունեցել: Մայիսի 27-ին ՌԴ Դաշնային ժողովի Վերին պալատում տեղի է ունեցել ռուս-ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում:

Միլլի մեջլիսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սեիդովը մամուլին ասել է, որ «ոչ ոք չի կարող խաթարել Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, դրանք փոխշահավետ եւ ռազմավարական են»:

Կայուն տպավորություն է, որ Ռուսաստանը հետխորհրդային-եվրասիական տարածքում ռեինտեգրացիոն գործընթացների ֆորմալացման- ինստիտուցիոնացման ծրագիր ունի, որտեղ Ադրբեջանին վերապահվում է Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիայի «հաբի» դերակատարություն՝ օգատագործելով նաեւ Թուրքիա-Ադրբեջան դաշնակցության «բաղադրիչը»:

Հայտնի է դարձել, որ մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը:

Պետքարտուղար Բլինքները խոսել է նաեւ COP 29 խորհրդաժողովի կազմակերպման աջակցելու մասին: Փորձագիտական կարծիք կա, որ խորհրդաժողովի անցկացման «նախապայմանը մինչեւ սեպտեմբեր հայ-ադրբեջանական առնվազն «շրջանակային համաձայնագրի» ստորագրումն է»:

ԱՄՆ պետքարտուղարն ակնարկում է, որ COP 29-ը կարող է ձախողվե՞լ: Բաքվի իշխանամերձ մամուլն արդեն իսկ Ֆրանսիային մեղադրում է այն «տապալելու արշավ սկսելու» մեջ: