Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա պատերազմ ՆԱՏՕ ու Ռուսաստանի միջեւ: Լավ է, եթե Անկարան թույլ չտա դա, որովհետեւ հակառակ դեպքում, ինչպես նշել եմ ավելի վաղ, Կովկասը լինելու է ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմի նոր պոլիգոն:
Անկարան էլ թերեւս պատկերացնում է իր համար դրա վտանգները, որքան էլ ներկայումս նշմարվում է ռուս-թուրքական հարաբերության որոշակի սառեցում: Հատկանշական է, որ Ֆիդանը ՆԱՏՕ-Ռուսաստան բախում թույլ չտալու մասին հայտարարում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպումից հետո:
Բլինքենն ու Ֆիդանը մասնակցում են ՆԱՏՕ արտգործնախարարների հավաքին՝ Պրահայում: ՆԱՏՕ արտգործնախարարները պատրաստում են Վաշինգտոնում տեղի ունենալիք գագաթնաժողովը, որի ընթացքում սպասվում է Ուկրաինային աջակցության փաթեթ: Ֆիդանը Բլինքենի հետ խոսակցության արդյունքու՞մ է հայտարարում, որ Թուրքիան թույլ չի տա բախում ՆԱՏՕ եւ Ռուսաստանի միջեւ: ԱՄՆ պետքարտուղարը հավանակա՞ն է համարել այդ բախումը, կամ Ֆիդանին հայտնել է, որ ՆԱՏՕ-ն իրապե՞ս պատրաստվում է դրան:
Թե՞ ԱՄՆ պետքարտուղարը Ֆիդանին հավաստիացրել է, որ չնայած Ուկրաինայի հարցում կողմերի քայլերի եւ հռետորաբանության աստիճանի նկատելի բարձրացմանը, այդուհանդերձ իրավիճակը կառավարելի է եւ չի հասնի ուղիղ բախման, իսկ Ֆիդանն էլ այդ հավաստիացումից հետո պարզապես որոշել է հավելյալ միավորներ վաստակել Թուրքիայի համար:
Բոլոր դեպքերում, հարկ է նկատել, որ Թուրքիան արտահայտվելով ՆԱՏՕ-Ռուսաստան ուղիղ բախման դեմ, բոլորովին դեմ չէ ՆԱՏՕ-Ռուսաստան մրցակցությանն ու աշխարհաքաղաքական դիմակայությանը, քանի որ Անկարայի աշխարհաքաղաքական ռեսուրսն ու ստրատեգիան սննուցվում է հենց այդ մրցակցություն-դիմակայությունից:
Անկարան դրա շնորհիվ կարողանում է իր աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական դիրքը, նաեւ թյուրքալեզու ռեսուրսը ծառայեցնել բավականին շահեկան սակարկությունների, որ անում է թե Վաշինգտոնում, թե Մոսկվայում, այդ կերպ առաջ մղելով իր՝ թուրքական ռազմավարությունը: Ուղիղ բախումը Թուրքիային կխանգարի շարունակել դա, ստեղծելով կտրուկ՝ կողմնորոշվելու իրավիճակ:
Բաց մի թողեք
Ովքեր են արդարադատության նախարարի նոր թեկնածուները. անուններ
«Վրացական երազանքին» եվրոպական «երազախաբությո՞ւն» է սպասվում
… իրենց տարածքներով անցնող հաղորդակցությունները զիջել էին մասնավոր ընկերությունների, հետո այդ սխալը շտկելու համար շատ արյուն հեղվեց