Հայաստանն ակնկալում է ԱՄՆ հետ ռազմավարական երկխոսությունը բարձրացնել ռազմավարական հանձնաժողովի մակարդակի, Երեւանում տեղի ունեցած ռազմավարական երկխոսության նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։
Հնչում է բավականին տպավորիչ։ Միայն թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ ճանապարհ է նախատեսվում մինչեւ այդ ռազմավարական հանձնաժողովի մակարդակ, ինչ է իրենից ներկայացնելու այդ ռազմավարական հանձնաժողովը, եւ արդյո՞ք ռազմավարական երկխոսության ձեւաչափի բովանդակությունը այլեւս բավական չէ այդ ձեւաչափի համար:Սրանք հարցեր են, որոնք գոնե առայժմ այսպես ասած ամփոփված են պաշտոնական հաղորդագրությունների հիմնականում ստանդարտ ձեւակերպումների ներքո:
2019 թվականից ի վեր կա ռազմավարական երկխոսության ձեւաչափը, եւ առ այսօր չկա ըստ էության հայ-ամերիկյան՝ արդեն գործնական առումով մի տպավորիչ խոշոր նախաձեռնություն, որը թույլ կտա վկայել ռազմավարական երկխոսության առարկայականության մասին, դրա գործնականության հավաստիացում լինել հանրային լայն շերտերի համար եւ հայ-ամերիկյան հարաբերությունը դուրս բերել զուտ տեղեկատվա-քարոզչական տարածություններում գեներացվող հարթությունից ու տեղափոխել իսկապես միջպետական գործնական հարթություն:
Ընդ որում, սա թույլ կտա նաեւ հայ-ամերիկյան երկխոսությունը առավել կանխատեսելի եւ հասկանալի դարձնել այն պետությունների համար, որոնք զգայուն են դրա նկատմամբ։ Հայ-ամերիկյան գործակցության պատմության հարցում խոշորագույն ներդրումային ծրագիրը Որոտանի ՀԷԿ-երի կասկադն էր, որին պետք է հաջորդեր Ամուլսարի հանքի շահագործումը, եթե այն չմատնվեր հայտնի ոդիսականի, ինչի հետեւանքով թերեւս կորցնելուց բացի, Հայաստանը չի ունեցել ոչինչ։ Ինչպիսի վիճակում է ծրագիրն այժմ, առանձին խոսակցության առարկա է։
Տվյալ պարագայում հարցը հայ-ամերիկյան գործակցության ընդգրկումն է, Հայաստանում ամերիկյան խոշոր ներդրումային որեւէ ծրագրի հնարավորությունն ու հեռանկարը։ Այո, ԱՄՆ Հայաստանի տնտեսության մեջ ունի ներդրումային խթանման շատ ծրագրեր, բայց դրանք ըստ էության միջին եւ հիմնականում փոքր բիզնես դաշտերում ծավալվող ծրագրեր են։ Անշուշտ դա տնտեսության կարեւոր շերտ է, բայց Հայաստանի պարագայում կա տնտեսության ներդաշնակության խախտվածություն։
Հայաստանի տնտեսության առյուծի բաժին են կազմում առեւտուրն ու ծառայությունները, իսկ արդյունաբերական մասշտաբները իրենց տեսակարար կշռով դառնում են առավել համեստ։ Տարօրինակ է, բայց Հայաստանում կա բարձր տնտեսական աճ, սակայն էլեկտրաէներգիայի արտադրության նվազում։ Սրա պատճառը հենց այն է, որ Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքում արդյունաբերական սեկտորի տեսակարար կշիռը նվազում է։
Դա տնտեսության բալանսավորվածության խախտման իրական վտանգ է, իսկ Հայաստանի համար ինչպես արտաքին քաղաքականության ու անվտանգության կառուցվածքում է բալանսը կենսական, այնպես էլ հույժ կարեւոր է բալանսը տնտեսական կառուցվածքում, ոչ միայն արտաքին հարաբերությունների եւ աղբյուրների, այլ նաեւ հենց ներքին տնտեսական ճարտարապետության իմաստով, տնտեսական ճյուղերի հնարավորինս ներդաշնակ ու բալանսավորված «սաղարթի» իմաստով։
ԱՄՆ այդ տեսանկյունից կարող է լինել կարեւոր գործընկեր, եւ հետեւաբար այդ խնդիրն ու առաջադրանքը Հայաստանի համար պետք է լինի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության գլխավոր նպատակակետերից մեկը, որպեսզի բովանդակությունը դառնա նույնքան տպավորիչ, որքան հաղորդագրություններն ու հայտարարությունները։
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդները՝ սահմանազատումից առաջ և հետո
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ
ԵՄ դիտորդները Հայաստանում անվտանգային աչք ու ականջ են