Միջազգային մեդիա-փորձագիտական միջավայրը շարունակում է աշխուժորեն քննարկել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի եւ Դոնալդ Թրամփի առաջին նախընտրական հեռուստաբանավեճը, որ տեղի ունեցավ հունիսի 28-ին Ատլանտայում:
Գործնականում կա ընդհանուր գերակա կարծիք, որ Բայդենը պարտվեց բանավեճը: Դրա մասին է խոսում նաեւ ամերիկյան հեղինակավոր CNN-ի հարցում ամերիկացիների շրջանում, որոնց միայն 30 տոկոսն է համարել, որ բանավեճն ավարտվել է հօգուտ Բայդենի: Մոտ 70 տոկոսի կարծիքով հաղթել է Թրամփը:
Ինչպես հայտնի է, նրանց միչեւ նախատեսվում է եւս երկու բանավեճ: Տեղի կունենան դրանք, թե ոչ, պարզ չէ: Իհարկե պարզ չէ նաեւ, թե ընդհանրապես ինչ հարաբերակցությամբ կընթանա նախընտրական պայքարը, քանի որ դրա արդյունքները բնականաբար կանխորոշում են ոչ միայն հեռուստաբանավեճերը՝ որքան էլ դրանք բնականաբար ամենաազդեցիկ գործոններից մեկն են:
ԱՄՆ նախագահ Բայդենի նախընտրական թիմը հայտարարել է, որ նա դուրս չի գա ընտրարշավից, թեեւ նույնիսկ դեմոկրատական կուսակցության շրջանակներում ծավալվել են խոսակցություններ, որ գուցե պետք է փոխել նրան եւ ունենալ այլ թեկնածու:
Ինչ ջուր կքաշի ԱՄՆ նախաընտրական այս խմորը, բարդ է ասել, սակայն անկասկած է մի բան, որ Նահանգները թերեւս «ապրելու» է ամենաբարդ նախընտրական գործընթացներից մեկը, եթե ոչ՝ բարդագույնը, ինչը պայմանավորված է մի շարք թե ներամերիկյան, թե նաեւ միջազգային իրողություններով:
Այն, որ աշխարհը համակ ուշադրությամբ է հետեւում այդ ամենին, միանգամայն հասկանալի է՝ խոսքը թիվ մեկ գերտերության նախագահի ընտրության մասին է, որն իհարկե ավելի շուտ ազդեցություն է ունենալու ԱՄՆ քաղաքականության ու վարքագծի վրա առավելապես տակտիկական բնույթով, բայց ԱՄՆ միջազգային դերակատարման մասշտաբն այնպիսին է, որ նրա վարքագծի տակտիկական փոփոխությունները երկրների մի հսկա թվի համար կարող են ունենալ ռազմավարական ազդեցություն:
Գուցե ավելորդ է ասել, որ այդպիսին է նաեւ Հայաստանը, եւ մեծ հաշվով՝ այդպիսի ռեգիոն է Կովկասը ամբողջությամբ: Հետեւաբար, ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքը ռեգիոնի համար էլ ունի էական նշանակություն, ինչը նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն համակ ուշադրությամբ պետք է հետեւի դրա ընթացքին, այլ նաեւ պետք է պատրաստ լինի դրա ցանկացած արդյունքի:
Հայաստանում շատ է բավականին մակերեսային տիրույթում քննարկվում, որ Բայդենի հաղթանակը ձեռնտու է, Թրամփինը՝ ոչ: Այս դիտարկումները բավականին մակերեսային են եւ վկայում են, որ մեզանում Միացյալ Նահանգներ պետություն-համակարգը մեղմ ասած այդքան էլ ճանաչված եւ հաասկացված չէ:
Բայց, անգամ, անկախ այդ հանգամանքից, եթե նույնիսկ մնանք գնահատման այդ պարզունակ տիրույթում, ապա կա մի աներկբա հանգամանք՝ մենք չունենք նախագահի ընտրության արդյունքի վրա ազդելու հնարավորություն, հետեւաբար, մենք մեր ամբողջ ներուժով պետք է փորձենք ձեւավորել այս կամ այն արդյունքի առնչվող սցենարային հնարավորությունների առավելագույն դաշտ, որովհետեւ, եթե օրինակ ընտրությանը հաղթում է Թրամփը, մենք չենք կարող նստել ու դժգոհել բախտից, այլ պարտավոր ենք ունենալ Թրամփի վարչակազմի հետ առավելագույն արդյունավետությամբ աշխատանքի սցենարներ եւ խողովակներ:
Դրանց ուղղությամբ աշխատանքը պետք է լինի արդեն այսօր, որովհետեւ վաղը կարող է լինել ուշ, քանի որ էական քաղաքական իրադարձությունները աշխարհում զարգանում են ամենօրյա ռեժիմով: Այստեղ է Հայաստանի անելիքը, այլ ոչ թե որոշելը, թե ում հաղթանակն է մեզ ձեռնտու, երբ մենք ոչ մի լծակ չունենք այդ հաղթանակը կանխորոշող գործընթացի վրա:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդներն արձանագրե՞լ են լարվածություն
Հայաստանի ներքաղաքական կյանքի ո՞ր փուլում է Ադրբեջանի նախագահը «հուշել» այդ ինտրիգային գաղափարը
Դժվար է որևէ բնորոշում գտնել ասիմետրիկ տրանսֆորմացիային