23/12/2024

Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալված անձանց թվում են վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ իր էջում որոշ մանրամասներ էր հայտնել իրականացվող գործողություններից:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- գրել էր նա: