Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ արարողակարգային հայեցակարգի՝ հետայսու փառատոնի այս կարևոր դետալն կրի լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին կփոխարինի արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։
Բացի այդ, «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։
Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանը վերադառնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։ Նա այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Բացի այդ, Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է։ Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլեւ փառատոնի ընթացքում՝ որպես «Երեւանյան պրեմիերա»։
Նշենք նաև, որ փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։
21-րդ «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը, ով հայ հանդիսատեսին գուցե առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Լեդի Գագայից բացի՝ Թարսեմի ռեժիսորական աչքով են տեսողական մարմին ստացել «R.E.M.»-ի «Losing My Religion» երգը, Վանեսա Պարադիի «Be My Baby»-ն, Լու Ռիդի «What’s Good»-ը և այլն։
Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլեւ շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։
Սփեյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլեւ արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:
Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։
Բաց մի թողեք
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Շնորհավոր քո նոր տարին. Այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը. Լուսանկարներ
Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին. Լուսանկար