Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից շուրջ մեկ ամիս առաջ ադրբեջանական հենակետը հետ է քաշվել։
Այս մասին «Ազատության»-ը հայտնել է Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը։
«Նրանք հեռացել են վաղուց՝ հուլիսի սկզբներին, եթե չեմ սխալվում: Էն հատվածում, որը իրենց դիրքն էր նախկինում, իրենք էդ դիրքից դուրս են եկել, հիմա մեր սահմանապահն է էդտեղ ծառայություն իրականացնում», – ասաց Տիգրան Հարությունյանը:
Ավելի քան 30 տարի ադրբեջանական կողմն իր հսկողության տակ է պահում Բերքաբերի հողը ջրամբարի ափից մինչև Փայտասարի գագաթ՝ շուրջ 900 հեկտար հայկական տարածք։ Սահմանազատման այս գործընթացում, սակայն, որոշում կայացվեց այդ հատվածը չսահմանազատել։
Կառավարությունը հրապարակեց քարտեզ՝ մանուշակագույնով ընդգծելով, թե որ տեղանքն են ճշգրտում այս փուլում։ Այդ ընդգծված հատվածում էր մնացել չհեռացող ադրբեջանական դիրքը։ «Կարճ, բայց ողջամիտ ժամկետում» պիտի հայկական ու ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեին և տեղը զիջեին սահմանապահներին. այս տարածքի ադրբեջանցիները հեռացան վերջերս։
Այսօր Բերքաբերում պայթյունների ձայներ էին:
«Այսօր միներ [ականներ՝ ռուսերեն] են պայթեցնում՝ Ղըզըլհաջիլիի սահմանազատած մասերում», – «Ազատությանն» ասաց Բերքաբեր համայնքի բնակիչ Ռադիկ Զարգարյանը:
Պայթյունի ձայները ջրամբարի աջ կողմից են, բնակիչները ենթադրում են՝ հայկական կողմն ականազերծում է այն տարածքները, որտեղից հեռացել է ադրբեջանական զինուժը ։ Վարչական ղեկավարը հաստատում է. – «Մի պոստից են դուրս եկել, բայց էդ արանքը բավականին հատված է, որը մաքրվում է այս պահին»:
Պաշտպանության նապարարությունն այսօր տեղեկացրել է՝ կեսօրին Բերքաբեր ու Կիրանց գյուղերի մոտ պայթեցման աշխատանքներ են կատարելու՝ 10 պայթյուն երկու ժամում։ Բնակիչներին խնդրել են խուճապի չմատնվել։
Գերատեսչությունից չեն մանրամասնել՝ ականազերծմա՞ն, թե՞ ինժեներական աշխատանքների նպատակով են պայթեցումներ անում։
Կիրանցից «Ազատություն»-ը տեղեկացավ, որ ի տարբերություն Բերքաբերի՝ այստեղ պայթեցումները կարծես թե ինժեներական աշխատանքների համար են։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել