ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ Կուրսկի մարզի հրետակոծության հետեւանքով քսանչորս քաղաքացիական անձ է տուժել, այդ թվում՝ երեք երեխա: Ըստ տեղեկությունների՝ մարզի առողջապահական հաստատություններին օգնություն ցուցաբերելու նպատակով «տարածաշրջան են գործուղվել դաշնային բժշկական հաստատությունների բրիգադներ»:
Օգոստոսի 6-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերի «դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Կուրսկի մարզ, բայց սահմանապահների եւ պահեստային բանակին ուժերի կողմից կանգնեցվել է, ստացել արժանի հակահարված եւ ետ շպրտվել»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ ռազմական գործողություններին ներգրավվել է բանակային ավիացիա, հրթիռա-հրետանային ուժեր, հաջողվել է «ոչնչացնել ուկրաինական 16 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 6 տանկ, հետևակի 2 մարտական մեքենա, չորս զրահագնաց, երեք «Կոզակ» զրահամեքենա և ինժեներական արգելափակման մեկ մեքենա»: Օգոստոսի 6-ի ուշ երեկոյան, սակայն, Կուրսկի մարզային իշխանության ներկայացուցիչը սոցիալական X հարթակում գրել է, որ սահմանին «իրավիճակը շարունակում է մնալ լարված, ընթանում են մարտեր»:
Ռուսական մի շարք թելեգրամ-ալիքներ հայտնել են, որ Կուրսկի մարզ է թափանցել ուկրաինական կանոնավոր բանակի ստորաբաժանում՝ կազմված շուրջ 400 հոգուց, որ իր տրամադրության տակ ունի զրահատեխնիկա, շարժական ՀՕՊ եւ հակատանկային պայքարի միջոցներ: Ըստ տեղեկությունների, ուկրաինական կողմը խոցել է գերժամանակակից K-52 գրոհային առնվազն մեկ ուղղաթիռ, ոչնչացրել մոտ մեկ տասնյակ զրահատեխնիկա, շարքից հանել հրետանային մեկ հաշվարկ:
Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ օգոստոսի 7-ի դրությամբ ուկրաինական ստորաբաժանումը «վերահսկում է Կուրսկի մարզի երկու գյուղ՝ Նիկելաեւ-Դորյինոն և Օլեշնյան, ռուս տասնյակ զինվորականներ գերի են հանձնվել»: Ինքնությունը բացահայտել չցանկացած ռուսաստանցի մի ռազմական փորձագետ ՌԻԱ-Նովոստիին ասել է, որ «այդ հանդուգն գործողությունը չպետք է անվանել դիվերսիոն-հետախուզական ներթափանցում, Ուկրաինայի նպատակն է Կուրսկի մարզի սահմանամերձ հատվածում ապագա խոշոր հարձակման պլացդարմ ստեղծել»:
Որքանո՞վ են հավաստի Կուրսկի մարզում ռազմական գործողությունների մասին պաշտոնական եւ թելեգրամ-ալիքների հայտնած տեղեկությունները՝ շատ բարդ է կողմնորոշվել: Արեւմտյան մամուլը տպավորություն է հայտնում, որ Ռուսաստանը «Խարկովի ուղղությունից ուժեր է տեղափոխում Դոնբաս»: Չնայած այդ շրջանում պատերազմը փաստացի շարունակվում է տասը տարի, Ռուսաստանին չի հաջողվել ամբողջական վերահսկողություն հաստատել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում:
Փորձագետները չեն բացառում, որ Դոնբասում ամբողջական վերահսկողության հասնելու դեպքում Ռուսաստանը «կարող է շփման գծում հրադադարի համաձայնության գնալ»: Բացառված չէ, որ նոր «Կուրսկի աղեղ» ստեղծվում է՝ պատերազմը շարունակելու եւ Ուկրաինային խորքային ավելի հզոր հարվածներ հասցնելու առիթ ունենալու համար: Թեեւ մարտական գործողությունները երկրորդ օրն է՝ շարունակվում են, ուկրաինական կողմն այդ մասին դեռեւս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Կուրսկի ուղղությամբ ուկրաինական «նախահարձակման» մասին տեղեկատվությանը գրեթե զուգահեռ միջազգային մամուլը տարածել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Միլերի հայտարարությունը, որ Ռուսաստանին խորքային հարվածներ հասցնելու հարցը կախված «կլինի ռազմաճակատի իրավիճակից»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական «հեռահար հրետանին արկակոծում է Կուրսկի ԱԷԿ-ի մերձակայքը»: Իր հերթին Ուկրաինան պահանջում է, որ ռուսական զորախումբը հեռանա Զապորոժիեի ԱԷԿ-ից: «Կուրսկի աղեղը» կարո՞ղ է Ռուսաստան-ԱՄՆ քննարկումներ սկզբանավորել՝ նկատի ունենալով, որ այդ հատվածում միջուկային աղետի սպառնալիք կա:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունը