16/09/2024

Լուկաշենկոն զգուշանում է, որ կկնքվի նոր «Մոլոտով-Ռիբենտրոպ պա՞կտ»

Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում ընդունում էր Ռազմա-ծովային ուժերի զորահանդեսը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա չէր։

Մինչդեռ նախորդ երկու օրերին նա Ռուսաստանի նախագահի հետ կատարյալ առանձնության պայմաններում բանակցություններ էր վարել։ Դրանց արդյունքների մասին կողմերն այդպես էլ որեւէ տեղեկություն չտարածեցին։

Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների մասին, սակայն, հնարավոր եղավ գոնե մոտավոր պատկերացում կազմել ռուսաստանյան մամուլի մի շարք հրապարակումներից: Իշխող տպավարություն էր, որ Պուտին-Լուկաշենկո բանակցությունները, մեղմ ասած, արդյունավետ չէին:

Ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկը նույնիսկ ձեւակերպել էր, որ Լուկաշենկոն «կրակի հետ է խաղում՝ եվրոպական երեսունհինգ երկրների քաղաքացիների համար մինչեւ տարեվերջ Բելառուս մուտքի կատարյալ ազատ ռեժիմ սահմանելով»։

Ավելի էական է, որ Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպումից ոչ ավելի, քան տասը օր առաջ, այցելել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջան և ընդունել զորքերը սահմանից զորանոցներ վերադարձնելու որոշում։

«Ուկրաինայից Բելառուսի դեմ հարձակման սպառնալիք չկա, մենք պետք է ցույց տանք, որ ինքներս էլ նման նպատակ չունենք»,- անվտանգության խորհրդի արտագնա նիստին հայտարարել է Բելառուսի նախագահը։

Երրորդ օրն է՝ ուկրաինական զորախումբը մտել է Ռուսաստանի սուվերեն տարածք, Կուրսկի մարզի տասնյակ բնակավայրերում կատաղի մարտեր են ընթանում։ Ըստ որոշ աղբյուրների՝ ուկրաինական զորախումբն ավելի քան 300 քառակուսի կիլոմետր ռուսաստանյան տարածք է վերահսկում։

Այս պահի դրությամբ վերջին տեղեկությունն այն է, որ կողմերը «խրամատավորվում են»։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետի հավաստիացումը, թե «հակառակորդը ջախջախվել եւ ետ է շպրտվել», իրականությանը չի համապատասխանում։ Այլ աղբյուրներ ասում են, որ աֆրիկյան «ճակատից» Մոսկվան ետ է կանչում «վագներականներին» և ուղարկելու է Կուրսկ։

Երրորդ օրն է՝ Բելառուսի նախագահի կողմից ոչ մի հայտարարություն չի հնչում։ Այն, որ ՀԱՊԿ-ը «թղթե վագր» է, և Ղազախստանը կամ Ղրղզստանն Ռուսաստանին ռազմական օժանդակություն չեն ցուցաբերում, ոչ էլ քաղաքական աջակցություն են հայտնում՝ ակնհայտ է և հիմնականում հասկանալի։ Բելառուսի պարագան բոլորովին այլ է։

Ռուսաստանը եւ Բելառուսը ֆորմալ առումով Միութենական պետություն են։ Այդ իմաստով մարտական գործողություններ ընթանում են նաեւ Բելառուսի տարածքում։ Բայց Լուկաշենկոն ոչ միայն ռազմական օգնություն հասցնելու քայլ չի ձեռնարկում, այլեւ նույնիսկ քաղաքական հայտարարություն չի անում։

Այո, հնարավոր է ենթադրել, որ Պուտինը փորձել է համոզել Լուկաշենկոյին բացել երկրորդ ճակատ՝ հյուսիսում Ուկրաինայի դեմ, բայց Լուկաշենկոն կարող է չհամաձայնել: Հնարավոր է, որ ուկրաինական ճեղքումը սկզբնական պլանով ուղղված է եղել Բելառուսի դեմ, և Պուտին-Լուկաշենկո հանդիպումից հետո Կիևը փոխել է հարվածի ուղղությունը՝ վստահ լինելով, որ Մինսկն իրեն չի անհանգստացնելու:

Ո՞րն է Լուկաշենկոյի դիրքորոշումը՝ Բելառուսը զերծ պահել ռազմական ուղղակի բախումից, թե նա ավելի հեռագնա նպատա՞կ է հետապնդում: Արեւմտյան որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ Լեհաստանը, Հունգարիան եւ Ռումինիան «կարող են Ուկրաինային տարածքային պահանջներ ներկայացնել»:

Նման խնդիր ունի նաեւ Բելառուսը, որի տարածքի մի զգալի մասը նախկինում պատկանել է Լեհաստանին: Գուցե Լուկաշենկոն զգուշանում է, որ կկնքվի նոր «Մոլոտով-Ռիբենտրոպ պա՞կտ»: