Ռուսաստանի Կուրսկի շրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ մոտ 300-400 հոգանոց ուկրաինական ստորաբաժանումը՝ ծանր տեխնիկայով, ՀՕՊ շարժական միջոցներով եւ այլ զինատեսակներով անցել է ՌԴ սահմանն ու առաջ շարժվել մի քանի կմ, զբաղեցնելով դիրքեր եւ բնակավայրեր:
Իհարկե բոլոր ռազմական փորձագետները, անկախ քաղաքական կողմնորոշումներից, գործնականում համակարծիք են, որ այդ մասշտաբով հնարավոր չէ լուծել ռազմական թե ռազմավարական, թե նույնիսկ օպերատիվ-մարտավարական նշանակության խնդիրներ:
Բայց, միեւնույն ժամանակ հարկ է նկատել, որ ոչ մի փորձագետ չի տիրապետում պլաններին, հետեւաբար՝ չկա այն ամբողջական խորքային պատկերը, որ թույլ կտա անել ճշգրիտ եզրահանգումներ:
Ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, կտեսնենք, սակայն Կուրսկում ծավալվածի առնչությամբ արժե ուշադրության արժանացնել ժամանակագրությունը՝ ընդ որում ավելի լայն շրջանակով: Կուրսկում ուկրաինական անսպասելի ճեղքում է տեղի ունենում այն ժամանակ, երբ գործնականում ամբողջ աշխարհը համակ ուշադրությամբ սպասում է Իրանի պատասխան հարվածին՝ Իսրայելի ուղղությամբ:
Ավելին, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար, ՊՆ նախկին նախարար Շոյգուն է մեկնում Թեհրան՝ անսպասելի այցով, իսկ այնտեղից էլ դարձյալ չհայտարարված՝ մեկնում է Բաքու, որտեղ Ալիեւի հետ քննարկում են ռեգիոնալ անվտանգության հարցեր, ըստ ամենայնի՝ Կովկասում Իրանին թիկունքից հարված թույլ չտալու մասին:
Շոյգուն վերադառնում է Ռուսաստան, ու հանկարծ «թիկունքից հարված» ստանում է Ռուսաստանը՝ ուկրաինական ճակատում աղմկոտ ճեղքումով: Այն իհարկե չի փոխել ռազմաճակատի ընդհանոյւր պատկերը, եւ թերեւս չի էլ փոխի, ու ռազմաճակատը կշարունակի մնալ ընդհանուր առմամբ «ճահճացած մարտերի» վիճակում՝ ռուսական կողմի որոշակի առավելությամբ:
Սակայն Կուրսկի ճեղքումը առնվազն տեղեկատվական միջավայրում ունեցավ բավականին էական, նկատելի ազդեցություն, իսկ դա թերեւս անհետեւանք չի մնալու ներռուսաստանյան միջավայրում: Մասնավորապես, գլխավոր հարցն այն է, թե ինչպե՞ս է ստացվել այդ ճեղքումը: Ինչու՞ տեղյակ չի եղել հետախուզությունը:
Ո՞վ է պատասխանատու՝ բանակի՞ հետախուզությունը, թե՞ արտաքին հետախուզությունը, որի ղեկավար Նարիշկինը, ինչպես հայտնի է, բավականին սերտ բիզնես կապերի մեջ է ադրբեջանական իշխանության հետ, որն էլ ուկրաինական հարցում ինչպես հայտնի է խաղում է բավականին երկդիմի. մի կողմից Ալիեւը դաշնակցային հռչակագիր է ստորագրում Պուտինի հետ՝ Ուկրաինայի վրա հարձակումից երկու օր առաջ, մյուս կողմից Ադրբեջանը մեծածավալ հումանիտար, քաղաքական, եւ ըստ որոշ տեղեկությունների նաեւ ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային:
Ինչպես ասում են՝ «բիզնես, անձնական ոչինչ»: Կա՞ Ադրբեջանը «Կուրսկի բիզնեսում», թե՞ ոչ, Ռուսաստանի արտաքին հետախուզության հետ իր ունեցած ընդհանուր շահերով: Այստեղ է, որ հիշվում են Նարիշկինի կմկմոցները, երբ Պուտինն ԱԽ անդամների կարծիքն էր հարցնում Դոնբասի եւ Լուգանսկի անկախության ճանաչման մասին:
Տվյալ պարագայում իհարկե ուշադրության է արժանի այն, թե արդյո՞ք Կուրսկի իրադարձությունները ուղիղ կապ կարող էին ունենալ մերձավորարեւելյան «սպասումների» հետ, միտված լինելով Ռուսաստանին «գամել» ուկրաինական ուղղությամբ, հնարավոր է առկախելով Իրանին խոստացված ռուսական հնարավոր աջակցությունը:
Միեւնույն ժամանակ, տեղի ունեցածն ուշագրավ է օրեր առաջ այն տեղեկության ֆոնին, որ հրապարակել էր Նյու Յորք Թայմսը, եւ որը դե ֆակտո հաստատել էր ՌԴ փոխարտգործնախարար Րյաբկովը:
Ամերիկյան թերթը գրել էր ՌԴ եւ ԱՄՆ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի մասին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնելով, որ Բելաոուսովը Օստինին է փոխանցել տեղեկություն ռուսական տարածքում Ուկրաինայի հետախուզության պլանավորած գործողության մասին, հարցնելով, տեղյա՞կ են ամերիկացիները: Օստինը ասել է, որ տեղյակ չեն, հետո կապվել Կիեւի հետ եւ հորդորել չիրականացնել տվյալ գործողությունը:
Դրանից օրեր անց էլ տեղի ունեցավ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ ձերբակալված եւ բանտարկված անձանց խոշորագույն փոխանակումը, անգամ ԱՄՆ-ԽՍՀՄ տարիների համար աննախադեպ թվով: Կուրսկը կարծես թե «շրջում է սեղանը»:
Բայց ո՞վ եւ որքան ժամանակով, հատկապես, եթե Մերձավոր Արեւելքում կարող է տեղի ունենալ պարզապես «սեղանատան» պայթյուն եւ դարձյալ մոռացության մատնել ուկրաինական «կահույքը», ինչպես 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո:
Բաց մի թողեք
Պուտինին «չի հաջողվել ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության հարցում համոզել Հնդկաստանի վարչապետին»
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայություններն ի՞նչ են կորցրել Բաքվում
Ո՞ր երկրները եւ ի՞նչ պատճառաբանությամբ են դեմ եղել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի իրավահավասար անդամակցությանը