Վլադիմիր Պուտինի Բաքու այցից մեկ օր առաջ Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Էրդողան-Ալիեւ հեռախոսազրույց: Ակնկալվում էր, որ բանակցություններից հետո Իլհամ Ալիեւը կկապվի «թանկագին ավագ եղբոր» հետ: Էրդողան-Ալիեւի, ինչպես նաեւ Ֆիդան-Բայրամով շփումների մասին որեւէ տեղեկություն առ այս պահը չկա:
Օգոստոսի 15-ին Անկարայում գումարվել է թուրք-իրաքյան Անվտանգության բարձր խորհրդի նիստ, որին մասնակցել են երկու երկրների պաշտպանության, արտաքին գործերի նախարարները եւ հետախուզական ծառայությունների ղեկավարները: Թուրքիան հասել է նրան, որ Իրաքը Քրդական բանվորական կուսակցությունը ճանաչել է «ահաբեկչական կազմակերպություն» եւ արտոնել է իր տարածքում թուրքական բանակի եւ հատուկ ծառայությունների գործունեությունը:
PKK-ի դեմ Թուրքիայի պայքարը նորություն չէ, Անկարան առանց Բաղդադի համաձայնության էլ Իրաքի տարածքում ազատորեն գործում է: Անկարայի եւ Բաղդադի միջեւ քաղաքական «ջերմացումը» բոլորովին այլ հողի վրա է սկզբնավորվում:
Թուրքիան Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո հրապարակայնացրել է «Զարգացման ուղու» նախագիծը: Խոսքը Պարսից ծոցի Իրաքյան Ֆաո նավահանգստից մինչեւ Եվրոպա տրանսպորտային միջանցքի մասին է, որ, ըստ նախագծի, պետք է Բասրա-Մոսուլ-Բաղդադ գծով հասնի Իրաքյան Քուրդիստան, այնտեղից՝ Թուրքիա, ապա՝ Եվրոպա:
«Բաղդադի երկաթուղու» նախագիծն ավելի քան մեկդարյա պատմություն ունի: Ըստ տեղեկությունների՝ Պարսից ծոցից մինչեւ Եվրոպա տրանսպորտային միջանցքը գործարկելու համար պակասում է շուրջ հարյուր կիլոմետր երկարության մի հատված, որ պետք է անցնի Իրաքյան Քուրդիստանի տարածքով:
Այդ գիծը, ինչպես նաեւ նույն երկարության ավտոմայրուղի կառուցելու պարտավորություն ստանձնել է Թուրքիան: Անկարան այժմ սպասում է, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը «տրամադրի ապագա երկաթգծի եւ ավտոմայրուղու կոորդինատները»: Դրանք համաձայնեցնելուց հետո Թուրքիան, ինչպես Anadolu պետական գործակալությունն է ձեւակերպել՝ «անմիջապես կձեռնարկի գործնական քայլեր»:
Անկարան մտադիր է «Զարգացման ուղին» գործարկել «2028թ. տարեվերջին»: Դա նույն ժամկետն է, որ Ռուսաստանը սահմանել է Սանկտ-Պետերբուրգ-Պարսից ծով տրանսպորտային միջանցքի համար: Այս դեպքում պակասում է Ռեշտ-իրանական Աստարա 162 կմ երկաթգիծը, որի կառուցման համար Ռուսաստանն Իրանին ավելի քան երեք միլիարդ եվրո արտոնյալ վարկ է հատկացրել:
Թուրքիայի տնտեսությունը «խունկ է շնչում» եւ հայտնի չէ, թե հարյուր կիլոմետր երկաթգիծ եւ ավտոմայրուղի կառուցելու ֆինանսական ապահովումն ո՞վ է իր վրա վերցնելու: Նախագծին աջակցում են, ըստ թուրքական մամուլի, Սաուդյան Արաբիան եւ Կատարը: Բացառված չէ, որ նրանք էլ հոգան ծախսերը:
Բայց այս դեպքում շատ էական է, որ «Զարգացման ուղին» հանդիսանում է ռուսական «Հյուսիս-հարավի» մրցակիցը: Ռուսաստանի փորձագիտական որոշ շրջանակներ կասկածում են «Հյուսիս-հարավի» հարցում Իրանական կողմի անկեղծությանը: Չնայած որ Մոսկվան միջոցներ արդեն իսկ հատկացրել է, Թեհրանը դեռեւս Ռեշտ-իրանական Աստարա երկաթգծի նախագծային աշխատանքներն իսկ չի սկսել:
Եթե Էրդողանին հաջողվի Բաղդադից ստանալ «Զարգացման ուղու» պակասող հատվածի կոորդինատները, միջոցներ գտնել եւ արագորեն ձեռնամուխ լինել շինարարությանը, իսկ Թեհրանը շարունակի «հինգ «այո» ասելու» քաղաքականությանը, ապա Թուրքիան Պարսից ծոցի հետ կկապվի ավելի վաղ, քան Ռուսաստանը:
Բաց մի թողեք
Ո՞ւմ շարքերում է Ռոբերտ Քոչարյանին «լավություն» արած «կադրային չեկիստը». Լուսանկար
Ադրբեջանը պետական անկախությամբ պարտական է Օսմանյան կայսրությանը
«Սրբազան պայքար»-ի «բաց խաղաքարտերով» խաղը․ Քոչարյանն ու Սարգսյանը ներկա կգտնվե՞ն սեպտեմբերի 22-ի հավաքին