Ադրբեջանի հետ նոր ստորագրված կանոնակարգային փաստաթուղթը կհրապարակվի երկուշաբթի օրը: Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա «այն արդեն իսկ բացահայտված է: Ալմաթիի հռչակագիրը սահմանվելու է որպես բազային սկզբունք»՝ ասել է Փաշինյանը:
Օգոստոսի 30-ին ստորագրված փաստաթուղթը, թեև ստորագրվել է այդ օրը, կհրապարակվի սեպտեմբերի 2-ին: Սա կապված է Ադրբեջանի «խնդրին» հետ: Սեպտեմբերի 1-ին Բաքուն անցկացնում է խորհրդարանի արտահերթ ընտրություններ, և Օգոստոսի 31-ը «լռության օր» է՝ քարոզչություն չի իրականացվում:
Ստացվում է, որ փաստաթուղթը կհրապարակվի այն ժամանակ, երբ Ադրբեջանում քվեարկությունը կկայացած լինի, և նախնական արդյունքները՝ արձանագրված:
Բաքվի իշխանական մամուլը գրել է, որ Հայաստանում «նշել են Ադրբեջանի հետ սահմանազատման հիմքը: Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ սահմանի բոլոր հատվածներում դելիմիտացիայի և դեմարկացիայի հիմքը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրն է»:
Խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ այդ բովանդակությամբ փաստաթղթի հրապարակումը կարո՞ղ էր Ադրբեջանում «ռումբի պայթյունի էֆեկտ ունենալ» եւ քվեարկության արդյունքների վրա էական ազդեցություն թողնել:
Կա՞ պայմանավորվածություն, որ կողմերը ստորագրված փաստաթուղթը հրապարակելու են միաժամանակ եւ իշխանության իդենտիկ մարմնի կողմից: Հայաստանն, օրինակ, փաստաթղթի ստորագրման մասին հաղորդագրություն տարածել է ԱԳՆ, Ադրբեջանը՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովի անունից:
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Կանոնադրությունը համաձայնեցվել է երկկողմ բանակցությունների արդյունքում: Այսինքն՝ երրորդ, միջնորդ կամ մոդերատոր կողմ չկա, հետեւաբար փաստաթուղթը երկու օրինակից է:
Կարող է ավելորդ կասկածամտության թվալ, բայց ո՞րն է երաշխիքը, որ Բաքուն փաստաթուղթը հրապարակելու է այն բովանդակությամբ, որը համաձայնեցվել է:
Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման իրավական հիմք ընդունելու հարցում Բաքուն ի սկզբանե վերապահումներ է ունեցել, եթե չասենք, որ մշտապես դիմադրել է ամենաբարձր՝ նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով:
Ի՞նչ է փոխվել, որ նա համաձայնել է Կանոնադրության տեքստում նման ձեւակերպման: Ադրբեջանի համար դա խորքային խնդիր է, որովհետև ի սկզբանե ԱՊՀ կազմավորման հիմնարար փաստաթղթերը խորհրդարանական վավերացում չեն անցել: Ադրբեջանն ԱՊՀ-ին անդամակցել է միայն 1993թ.-ին՝ Հեյդար Ալիեւի իշխանության վերադառնալուց հետո:
Ալիեւին ի՞նքն է որոշել, որ պետք է մնա հոր պարտավորությանը հավատարիմ, թե՞ ինչ-որ մեկը նրան դիվանագիտական «ճկունություն» է հուշել: Ո՞վ է այդ «ինչ-որ մեկը»:
Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ է գնահատում սահմանազատման Կանոնադրության նշանակությունը: Բայց հաշվարկվա՞ծ է, թե դա Ադրբեջանի համար սկզբունքային ինչ կարեւորություն ունի: Երբ Հեյդար Ալիեւին հարցրել են, թե ինչու՞ Քիուեսթի փաստաթուղթը չի ստորագրել, պատասխանել է, որ նույնիսկ ընտանիքի անդամներին չի կարողացել համոզել: Իլհամ Ալիեւը բռնապետ է, բայց ո՞վ է վստահ, որ պայմանավորվածություններից խուսափելու համար դեմոկրատի կեցվածք չի ընդունի:
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Կառավարող թիմի «ճաքերից» ոգևորված ընդդիմադիր ճամբարում ի՞նչ իրավիճակ է՝ ճաքա՞ծ, թե՞ ճաքճքած, փլվա՞ծ…
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն