11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Խաղաղությունն Ալիեւի համար ոչ միայն ծրագրային նպատակ չէ, այլ հակառակը ․․․

Ադրբեջանի այսպես ասած նորընտիր խորհրդարանի առաջին նիստին ելույթ ունենալով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է շարունակի մեծ փողեր հատկացնել զինված ուժերի հզորացմանը:

Ըստ նրա, միջազգային իրավիճակը, ինչպես նաեւ «Հայաստանում ռեւանշիստական տրամադրությունները» անհրաժեշտություն են դարձնում անվտանգության ուղղությամբ քայլերը չնվազեցնելը, այլապես կունենան խնդիրներ:

Հատկանշական է, որ Ալիեւը նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկին իր ելույթում շեշտադրում է ոչ թե Ադրբեջանի խաղաղ զարգացման մասին, այլ զինուժը ավելի հզորացնելու: Հատկանշական է նրանով, որ շատերի մոտ էր հարց առաջացրել, թե Ադրբեջանն ինչու՞ է 2025 թվականի սկզբին նախատեսված խորհրդարանի հերթական ընտրությունն Իլհամ Ալիեւը տեղափոխում առաջ եւ արտահերթ կարգով անցկացնում օգոստոսին:

Առավել եւս, որ մինչ այդ էլ Ալիեւը արտահերթ կարգով անցկացրեց 2025-ի ապրիլին նախատեսված նախագահի ընտրությունը: Ինչի՞ համար է Ալիեւն ընտրություններից «ազատել» 2025 թվականի առաջին կեսը: ՄԻ կողմից, այսօրվա աշխարհում անվտանգության եւ դրա ապահովման մեխանիզմների ուղղությամբ ներդրվող միջոցներն ավելացնելը այսպես ասած համաշխարհային տրենդ է:

Իր պաշտոնին հրաժեշտ տվող ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը օրեր առաջ հայտարարել է, որ ՀՆԱ 2 տոկոսը դաշինքի ընդհանուր բյուջեին հատկացնելը այլեւս բավարար չէ ՆԱՏՕ անդամների համար, պետք է ավելացնել ծախսերը:

Պաշտպանական կարողությունները մեծացնում են բոլորը, եւ այդ իմաստով անսպասելի չէ, որ դրա մասին է խոսում նաեւ Իլհամ Ալիեւը: Եվ նրա պարագայում դա առավել եւս անսպասելի չէ, հաշվի առնելով այն առավելապաշտական քաղաքականությունը, որ վարում է Ադրրբեջանը Հայաստանի հանդեպ: Միեւնույն ժամանակ, Ալիեւի համար այդ հարցը ունի նաեւ ներքին սպառման կարեւոր նշանակություն:

Ադրբեջանի պետական եւ ազգային ինքնությունը նա կառուցել է հայերի հանդեպ ատելության, Հայաստանի, Արցախի հանդեպ ռեւանշի վրա: Եթե նա կանգ առնի, ապա ըստ էության դա կնշանակի Ադրբեջանում ինքնության ճգնաժամի սկիզբ, ինչն էլ կարող է լուրջ մարտահրավեր լինել իր իշխանության համար: Բաքվի առավելապաշտությամբ Ալիեւը սնուցում է այն ինքնությունը, որը կառուցել է, բայց որը «ռիսկի» տակ է հայտնվել իր «հաղթանակի» հետեւանքով:

Սա պարադոքս է, բայց այն կա եւ Բաքվի ղեկավարը անշուշտ հասկանում է դրա գոյությունից բխող միջնաժամկետ ու կարճաժամկետ ռիսկերը: Այդ իմաստով, Ալիեւն իր ագրեսիվ եւ առավելապաշտ քաղաքականությունը շարունակելու է առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնի իր իսկ կառուցած ադրբեջանական ինքնության նոր բովանդակությունն ու եղած իրավիճակից դրա տրանսֆորմացիայի մեթոդաբանությունը:

Այդ իմաստով, խաղաղությունն Ալիեւի համար ոչ միայն ծրագրային նպատակ չէ, այլ հակառակը՝ խաղաղությունը նրա համար ներկայումս քաղաքական սպառնալիք է, որը նա փորձում է չեզոքացնել Կովկասում ռազմական սպառնալիքների իր քաղաքականությամբ: