13/10/2024

Երրորդ համաշխարհային պատերազմի պաշտոնականը կմեկնարկի՞ Իրան – Իսրայել պատերազմով

Իրանը, որ 2024 թվականի հուլիսի 31-ից ի վեր խոսում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանության համար Իսրայելին հատուցման հարված հասցնելու մասին, այդ հարվածը փաստացի հասցնում է երեք ամիս անց՝ հոկտեմբերի 1-ին, Իսրայելի վրա արձակելով մոտ 500 տարբեր տեսակի, այդ թվում բալիստիկ հրթիռներ:

Կիրառել է Իրանն արդյո՞ք հիպերձայնային հրթիռ, այս պահի դրությամբ դեռ պարզ չէ: Համացանցը լի է տեսանյութերով, որոնք պատկերում են, թե ինչպես են իրանյան հրթիռները հարվածներ հասցնում Իսրայելի տարածքում:

Ի տարբերություն ապրիլի, երբ Իրանը Իսրայելին հարվածեց Դամասկոսում իր հյուպատոսությունը թիրախավորելու եւ բարձրաստիճան իրանցի զինվորականներ սպանելու համար, իսրայելական ՀՕՊ համակարգը ըստ էության որեւէ կերպ լուրջ դիմադրություն ցույց չի տվել իրանյան հրթիռներին: Կամ դրանք եղել են բավականին շատ, եւ համակարգը չի հասցրել, կամ ապրիլից հետո Իսրայելը չի հասցրել վերականգնել այսպես կոչված Երկաթե գմբեթը, որի մոտ մեկուկես միլիարդ դոլարի հրթիռ էր կրակել ապրիլյան հարվածին դիմակայելու համար: Ինչ թիրախներ է խոցել իրանը, տեղեկությունները տարբեր են եւ ոչ պաշտոնական:

Կասկածից վեր է, որ այս հարցում կողմերի միջեւ լինելու է քարոզչական պատերազմ, ինչպես բոլորի դեպքում: Իրանի հարվածի առումով հատկանշական է, որ դրանից, ըստ էության, երկու օր առաջ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել էր, որ ԱՄՆ ու Եվրոպան Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Իսրայելին չհարվածելու դիմաց Իրանին խոստացել էին հասնել Գազայում հրադադարի, սակայն «խաբել» են: Ինչն էր ուշագրավ, որ Վաշինգտոնից եւ Բրյուսելից չեղավ «հերքող» արձագանք, կարծես թե այդպիսով հաստատելով, որ Իրանին «խաբել» են: Իսկ դա նշանակում է, որ Իրանը ստանում է հարվածի կրկնակի լեգիտիմ իրավունք:

Կլինե՞ր այդ հարվածը, եթե Իսրայելը «անպատժելիությունից» հանդգնելով չթիրախավորեր նաեւ Հըզբոլլահի առաջնորդներին, չսպաներ Նասրալլահին եւ չներխուժեր Լիբանան: Շատ բարդ է ասել: Այն, որ Իրանը հուլիսի 31-ից ի վեր հայտարարում էր Իսրայելին պատասխանելու մասին, բայց հապաղում, արդեն իսկ որոշակիորեն հարվածում էր Թեհրանի հեղինակությանը: Ըստ այդմ, եթե Իսրայելը կանգ չէր առնում Գազայում, ապա նույնիսկ Լիբանանի ուղղությամբ ուժգին քայլեր չանելու պարագայում Իրանի վրա մնում էր «չպատասխանելու հեղինակազրկվող բեռը»:

Հետեւաբար, հարված թերեւս լինելու էր անկախ ամեն ինչից, քանի որ Գազայում շարունակվող պատերազմը շարունակում էր հարվածել Իրանի հեղինակությանը՝ Հանիայի սպանությունից հետո: Առավել եւս, որ այդ սպանությունը եղել էր Թեհհրանում՝ նախագահական երդմնակալության օրը: Միեւնույն ժամանակ, Իսրայելն էլ ըստ էության ելք չունի Գազայից: Կանգ առնել հնարավոր չէ, միաժամանակ հնարավոր չէ վերացնել ՀԱՄԱՍ-ը:

Դա ստիպում է Թել Ավիվին «փոխել» հարվածի ուղղությունը, ընդլայնել պատերազմը, վերածել այն ռեգիոնալի, ներքաշել Իրանի, հետեւաբար պարտադրել Նահանգներին կատարել դաշնակցային պարտավորությունները, ու այդպիսով բացել մեծ սակարկություն եւ այդ կերպ նաեւ Գազայից ելքի հնարավորություն: Այդ իմաստով, արդյո՞ք Թեհրանի այս զանգվածային հարվածը նշանակում է մեծ պատերազմ, նշանակում է, որ Թեհրանը ներքաշվեց, Իսրայելը հասավ իր նպատակին: Պատկերն այդ առումով հարաբերական է: Հազիվ թե Իրանը Իսրայելի վրա է բաց թողել իր բոլոր հրթիռները կամ մեծ մասը:

Հետեւաբար, Իսրայելը ստացել է հարված, որը ավելի շուտ ցույց է տվել Իրանի ուժն ու Իսրայելի խոցելիությունը: Միեւնույն ժամանակ, «խաբելու» մասին հայտարարության առնչությամբ Նահանգների լռությունն էլ թերեւս Իսրայելի համար հաղորդագրություն է, որ մնալով դաշնակցի դիրքում եւ պահելով դրան համարժեք վարքագիծ, նախընտրական բարդ իրավիճակում գտնվող Վաշինգտոնն այդուհանդերձ դժգոհ է Իսրայելի՝ հրահրող դաշնակցի վարքագծից: Իսկ այստեղ արդեն բացվում են իրավիճակի բավականին նուրբ շերտեր, օրինակ` իրանյան հարյուրավոր հրթիռների տեսքով: Ինչպե՞ս կվերծանեն դրանք Իսրայելում:

Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերի լույս 2-ի գիշերը Նաթանյահուի ռազմական կաբինետը մի քանի նիստ է գումարել, բայց Իրանին պատասխան հարված հասցնելու որոշում չի ընդունել: Vestygo.il-ի տեղեկություններով՝ կառավարության նիստն առաջին անգամ հրավիրվել է բունկերում, որ պաշտոնապես անվանվում է «ճգնաժամային կառավարման կենտրոն»:

Նիստին Իսրայելի պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել են Թել-Ավիվից՝ պաշտպանված կապի միջոցով: Հայտնի է դարձել, որ քննարկվել է երկու՝ անմիջապես Իրանին և Մերձավոր Արևելքում նրա պրոքսի կառույցներին պատասխան հարված հասցնելու տարբերակ:

Իսրայելի բանակին մոտ կանգնած աղբյուրներն ասել են, որ Իրանի հրթիռային հարձակումն ավելի ներշնչող է, քան ապրիլի հարձակումը:

Իսրայելի օդային տարածքի պաշտպանությանը մասնակցել են ոչ միայն տարածաշրջանում ամերիկյան և բրիտանական ուժերը, այլև Հորդանանի ՀՕՊ-ը: Իսրայելական լրատվամիջոցը հատուկ ընդգծում է, որ իրենց հերթին Սիրիան և ԻրաքՆ Իրանին օդային միջանցք են տրամադրել:

Տարածաշրջանի այլ երկրների ներգրավվածության մասին տեղեկություններ առայժմ չկան:

Vestygo.il-ն հղում է անում ամերիկյան The Wall Street Journal-ին, որի տեղեկություններով՝ ԱՄՆ վարչակազմը Իրանին փոխանցել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, ինչին ի պատասխան՝ Թեհրանն ասել է, որ պատասխան հարվածի պատասխանը կլինի խորտակիչ:

Ըստ իսրայելական լրատվամիջոցի՝ Նաթանյահուի կառավարությունը լուրջ մտահոգություն ունի, որ Վաշինգտոնը, չնայած հրապարակային հայտարարություններին և ցուցաբերվող ռազմական օժանդակությանը, կխթանի Իրանին հուժկու հարվածներ հասցնելու որոշումը:

Իսրայելի քաղաքական շրջանակներում տեղեկացված են, որ տարածաշրջանային լայնածավալ պատերազմը հակասում է Միացյալ Նահանգների շահերին: Ամենայն հավանականությամբ՝ Իսրայելը կընտրի Մերձավոր Արևելքում Իրանի պրոքսի կառույցները թիրախավորելու տարբերակը:

«Մեր տուն Իսրայել» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լիբերմանը վերստին քննադատել է իրանական պրոքսի կառույցների ղեկավարներին և դաշտային հրամանատարներին ոչնչացնելու քաղաքականությունը՝ այդ գործողությունները անվանելով «ոչ արդյունավետ»:

Նա գտնում է, որ տարածաշրջանի չարորակ գոյացությունն Իրանի մոլլապետությունն է, որ պետք է ոչնչացվի, որպեսզի Իսրայելի անվտանգությունը երաշխավորված լինի:
Իրան-Իսրայել վերջին լարվածությանը անդրադառնալով՝ Բաքվի իշխանական լրատվամիջոցը տեսակետ է հայտնել, որ Իսրայելը մեկ-մեկ քաշում է տարածաշրջանում Իրանի թունավոր ատամները, որից հետո նա կվերածվի անուժ գոյության: Խոսքը ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլայի» դեմ Իսրայելի թիրախային հարվածների մասին է:

Այս անդրադարձից հետևում է, որ, չնայած Պաղեստինի հարցում ցուցադրական համերաշխությանը, Բաքուն շարունակում է մնալ Իսրայելի դաշնակիցը, և իրանա-իսրայելական հետագա սրացումը համապատասխանում է Ադրբեջանի ռազմա-քաղաքական ծրագրավորումներին:

Իսրայելա-իրանական լայնածավալ բախման հավանականությունը, ըստ միջազգային մամուլի գնահատումների, հիսուն-հիսուն է. Վաշինգտոնը փորձելու է Նաթանյահուին զերծ պահել Իրանի միջուկային և նավթային օբյեկտներին հարվածելու գայթակղությունից: Իսրայելին հասցված հրթիռային հարվածներն Իրանում աննախադեպ ոգևորության տեղիք են տվել: Ցնծացել է նաև ողջ իրանական Ադրբեջանը: Դա պետք է, որ ազդակ լինի Բաքվի համար: