22/11/2024

Հայաստանը պետք է պարզապես լայն քայլերով պատրաստ լինի զարգացումներին

Հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ դիտարկումներում գերակշռում է, բնականաբար, քաղաքական, անվտանգային, աշխարհաքաղաքական բաղադրիչը, մինչդեռ սահմանի բացման կամ հարաբերության կարգավորման հանգամանքը, անշուշտ, ներառում է նաև մեծ չափով տնտեսություն:

Ավելին՝ քաղաքականությունը, որ արտահայտվում է, քննարկվում, դիտարկվում գերակա առումով, խոշոր հաշվով «թաքնված» է լինելու գուցե հենց տնտեսության մեջ:

Այստեղ կա երկու բևեռացված մոտեցում՝ Հայաստանի համար սահմանի բացումը տնտեսական թռիչքի հնարավորության դիտարկում և Հայաստանի համար սահմանի բացումը տնտեսապես խժռվելու ռիսկի դիտարկում: Պետք է նկատել, որ երկու հանգամանքն էլ ունեն իրենց ծանրակշիռ հիմքը, դիսկուրսի նախադրյալը, սակայն կա այդ խոսակցությունը իրապես առարկայական և բովանդակային դարձնելու մի կարևոր նախապայման՝ իսկ ի՞նչ ենք մենք հասկանում Հայաստանի տնտեսություն ասելով: Այստեղ է ելակետը:

Անշուշտ, Թուրքիայի տնտեսությունը իր ծավալով, և Թուրքիան իր աշխարհաքաղաքական դերակատարումով Հայաստանին գերազանցում է բազմապատիկ, հետևաբար, կասկած իսկ չկա, որ տնտեսական բաց հարաբերության պարագայում թուրքական տնտեսական մեքենան Հայաստանի տնտեսությանը դնելու է կլանման ահռելի ռիսկի առաջ:

Մյուս կողմից, այո՛, այդ կլանումը կլինի Հայաստանի տնտեսության համար վիճակագրական տպավորիչ ցուցանիշների ներքո: Դրանք կաճեն, նույնիսկ անգամներով: Բայց, դա կլինի՞ արդյոք Հայաստանի տնտեսություն, թե՞ կլինի պարզապես տնտեսական տարածություն, որը իրավականորեն Հայաստանինն է, սակայն դե ֆակտո՝ ոչ:

Այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե մենք ինչ ենք ասում Հայաստանի տնտեսություն ասելով: Եթե մենք տնտեսություն ասելով հասկանում ենք այն, ինչ կա այսօր, այսինքն՝ գերազանցապես առևտրի և ծառայությունների, գերազանցապես վերարտահանման վրա «բարգավաճող» տնտեսություն, ապա կասկած իսկ չկա, որ հայ-թուրքական լիարժեք տնտեսական հարաբերությունը բերելու է այդ տնտեսության հիմնահատակ կլանման:

Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելու համար պետք է բարձրացնել տնտեսության արտադրողականությունը, բարձրացնել տնտեսության՝ հավելյալ արժեք ստեղծելու կարողությունը, տնտեսության արդյունաբերական բովանդակությունը, արտահանելի ներուժը՝ վերարտահանման փոխարեն:

Սա տնային աշխատանք է, որ Հայաստանը պետք է անի թե տնտեսական քաղաքականության մշակման, այսինքն՝ քաղաքականության ուղեղային, արժեգաղափարական նախագծման մակարդակում, թե այդ ամենը կյանքի կոչելու:

Որովհետև այդ տնային աշխատանքի դեպքում է, երբ հայ-թուրքական սահմանի բացման կամ լիարժեք տնտեսական հարաբերության հեռանկարը Հայաստանի համար կդառնա ավելի շատ լրացուցիչ հնարավորություն, քան եղած ռիսկերի «փափուկ տրանսֆորմացիա», երբ հայկական պետականության սուբյեկտության վտանգների առումով հետևանքը կլինի մեծ հաշվով նույնը, սակայն պարզապես այն ոչ միայն ֆիզիկական ցավ չի պատճառի, այլ կբերի նաև նյութական բավարարվածության:

Բարդ է ասել, թե արդյո՞ք ինչ ժամանակային տարածության վրա է հայ-թուրքական սահմանի բացման և տնտեսական ուղիղ հարաբերության հեռանկարը: Այն, բնականաբար, կախված է աշխարհաքաղաքական գործոններից:

Սակայն Հայաստանը պետք է պարզապես լայն քայլերով պատրաստ լինի այդպիսի զարգացումների, որովհետև էապես խթանել կամ կասեցնել դրանք, Հայաստանի այսօրվա ուժից վեր են, հետևաբար մնում է առավելագույն ջանք գործադրել մինչ այդ ուժ հավաքելու և ռիսկերին դիմագրավելու համար:

Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին ելույթ է ունեցել խորհրդարանական խմբակցության նիստին և վերահաստատել պատրաստակամությունը՝ աջակցելու, որպեսզի Քրդական բանվորական կուսակցության ցմահ ազատազրկման դատապարտված ղեկավար Աբդուլլա Օջալանը հնարավորություն ունենա հանդես գալու Ազգային մեծ ժողովի ամբիոնից, եթե նա պատրաստ է հայտարարել, որ ՔԲԿ-ն կազմալուծվում է, զինված պայքարը՝ դադարեցվում:

«Թուրքիայում քրդական հարց չկա, մենք բոլորս եղբայրներ ենք և պետք է վերականգնենք հազարամյա համերաշխությունը հանուն միասնական պետության և իսլամի»,-հայտարարել է Բահչելին, ինչից հետո հնչեցրել է, թերևս, ամենաէական միտքը:

Նրա գնահատմամբ՝ ներկայիս Թուրքիայի քաղաքական վերնախավի ամենահայրենասեր, երկրի ապագայի համար մտահոգ, այսպես կոչված «նոր Թուրքիայի դարի» ջատագով գործիչը նախագահ Էրդողանն է, և ինքը որևէ այլ ուժի հետ համագործակցության ցանկություն չունի, անհրաժեշտություն չի տեսնում:

Ավելին՝ Բահչելին համոզված է, որ քաղաքական այլ դասավորություն, քան իր և «Արդարություն և զարգացում» կուսակցության դաշինքն է, Թուրքիայի համար վտանգավոր է, որովհետև այլ ուժեր «հնարածին քրդական հարցը» ձգտում են օգտագործել, որպեսզի երկիրը մասնատեն:

Ազգայնական կուսակցության առաջնորդը փաստացի բացել է Էրդողանի քաղաքական այլասացությունների «փակագծերը». Թուրքիայի նոր սահմանադրության սկզբունքների շուրջ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընդհանուր հայտարարի չի եկել:

Էրդողանը նախապատրաստվում է սահմանադրական հանրաքվեի, իսկ տեղական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմադիր ԺՀՊ-ն, որին աջակցել է քրդամետ Dem-ը: Ուժերի այս հարաբերակցությամբ սահմանադրական հանրաքվեի հաջողությունը երաշխավորված չէ:

Իշխող և ազգայնական կուսակցությունների դաշինքը խնդիր է դրել Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից խլել նրա ընտրազանգվածի զգալի մասը՝ քրդերին: Համերաշխության, եղբայրության, հանուն երկրի միասնականության և իսլամի արժեքների համախմբվելու կոչերը մի բան են նշանակում՝ որքան հնարավոր է՝ գրավել քուրդ ընտրողների համակրանքը:

Թուրքիայում Անկարայի և Ստամբուլի քաղաքապետի դեմ կոշտ քարոզչություն է սկսվել: Նրանց ներկայացվում է զանազան հանդիսություններ կազմակերպելու համար պետական հսկայական միջոցներ վատնելու մեղադրանք: Նրանք ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ազդեցիկ գործիչներ են: Բացառված չէ, որ քրեական գործեր հարուցվեն:

Այս ֆոնին Էրդողանն ինչպե՞ս է պատկերացնում քրդերի հետ համերաշխությունը: Շատ հավանական է, որ լայնածավալ բռնություններ սկսելուց առաջ նա ընդամենը տեղեկատվաքարոզչական հող է նախապատրաստում: Իբր իշխանությունը եղբայրություն և համերաշխություն առաջարկեց, քրդերը հավատացին արևմտամետ ընդդիմությանը և սիոնիստներին, գերադասեցին զենքը: