19/01/2025

Ի՞նչ շրջանակ է ունենալու Արևելյան գործընկերության ծրագիրը

Լեհաստանը ցանկանում է վերականգնել Արևելյան գործընկերության ծրագիրը, որոշակի փոփոխություններով: Այդ մասին Երևանում հայտարարեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում նոյեմբերի 25-27-ին:

Արևելյան գործընկերության ծրագիրը Եվրամիությունը մեկնարկեց ընդլայնման ու հարևանության քաղաքականության համատեքստում: 2008 թվականին մեկնարկած ծրագիրը ներառում էր հետխորհրդային վեց երկիր՝ Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:

Իհարկե, բացի բարձրաձայնված նպատակից, ակնառու էր, որ ծրագիրը գերազանցապես քաղաքական է, որի նպատակն է հետխորհրդային վեց երկրից «կազմված» կորագծով ձևավորել Ռուսաստանի դեմ ռազմավարական գերակայության պլացդարմ: ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում ծավալվեց Հայաստան-ԵՄ բանակցային գործընթացն Ասոցացման համաձայնագրի համար:

Հայտնի է, որ գրեթե քառամյա հաջող բանակցությունից հետո Հայաստանը 2013-ի սեպտեմբերին հայտարարեց ԵՏՄ-ին անդամակցվելու որոշման մասին, իսկ Եվրամիությունն էլ իր հերթին համարեց, որ Հայաստանը չի կարող լինել մի մաքսային միության անդամ և միաժամանակ Ասոցացման համաձայնագիր ունենալ ԵՄ հետ:

Այդ իմաստով, Հայաստանի առաջ դրվեց՝ կամ-կամ, թեև Հայաստանն առաջարկում էր՝ և-և: Մոտ երեք տարի տևսծ հակասական, ինչ-որ իմաստով ճգնաժամային շրջափուլից հետո 2014 թվականի աշնանը Ֆրանսիայի նախագահ Օլանդի Հայաստան կատարած Պետական այցի արդյունքում, ըստ էության, սկսեց ԵՄ հետ նոր փաստաթղթի բանակցման գործընթացը և 2017 թվականի նոյեմբերի 24-ին Երևանն ու Բրյուսելը ստորագրեցին, թերևս, պատմական փաստաթուղթ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության ծրագիրը, որն իր կարգավիճակով Ասոցացման համաձայնագիր չէր, սակայն իր տարողունակությամբ և բնույթով բացառիկ էր՝ ԵՏՄ անդամ պետությունը սերտ գործակցության պայմանագիր էր կնքում ԵՄ հետ:

2018 թվականի իշխանափոխությունից հետո, սակայն, պայմանագիրը, ըստ էության «կատարողական ճգնաժամում» հայտնվեց Հայաստանում եղած փոփոխությունների հետևանքով: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո արդեն հիմնավորապես փոխվեց ռեգիոնալ ստատուս քվոն, իսկ դրան զուգահեռ նաև սրընթաց փոփոխության ենթարկվեց աշխարհաքաղաքական միջավայրը՝ հատկապես 2022 թվականի ուկրաինական պատերազմի բռնկումից հետո:

Ըստ էության՝ դա էլ իր հերթին, թերևս, հիմնովին ժամանակավրեպ դարձրեց Արևելյան գործընկերության ծրագիրը, քանի որ ուկրաինական, իսկ գործնականում «համաշխարհային» պատերազմ ու աշխարհակարգի փլուզումը նաև Կովկասի առնչությամբ բերեցին նոր իրողություններ թե՛ Հայաստան-ԵՄ, թե՛ ԵՄ-Ադրբեջան, թե՛ ԵՄ-Վրաստան հարաբերություններում:

Այս պայմաններում, ի՞նչ պատկերացում ունի Լեհաստանը, որի նախագահը խոսում է Արևելյան գործընկերության ծրագրի վերականգնման մտադրության մասին: Լեհաստանը այդ հարցում ունի՞ դաշնակիցներ Եվրոպայում, և որո՞նք են դրանք:

Ի՞նչ շրջանակ է ունենալու Արևելյան գործընկերության ծրագիրը, եթե այսօր բացարձակապես, հիմնովին տարբեր հարթություններում են այն վեց հետխորհրդային երկրները, որոնք ծրագրի մաս էին:

Թե՞ Լեհաստանն առաջարկում է բացարձակապես անհատական մոտեցումների վրա հիմնված մեխանիզմ, ինչը, անշուշտ, կարող է քննարկելի լինել Հայաստանի համար, քանի որ այդ կերպ կարող է ընձեռվել առանձնահատկությունների հետ առավել արդյունավետ աշխատանքի հնարավորություն:

Իսկ Հայաստանի պարագայում դրանք, անշուշտ, կան, և հաշվի առնելով ռեգիոնալ բարդ աշխարհաքաղաքականությունը, դրանք չեն կարող անտեսվել: