Ադրբեջանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ թողնում է պաշտոնը: Իր այդ որոշումը նա հիմնավորել է առողջական խնդիրներով և անգամ նշել, որ Բաքվում օգտվել է հոյակապ բժշկական օգնությունից, այդ թվում՝ կենտրոնական կլինիկայի ռադիոլոգիական ախտորոշման խմբի կողմից՝ փաստացի հասկացնելով, թե ինչ հիվանդության մասին է խոսքը:
Ըստ դեսպանի՝ վերջին հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ պետք է տուն վերադառնալ և լիովին կենտրոնանալ առողջության վրա։
Մարկ Լիբիի խոսքից հասկացվում է, որ նա Ադրբեջանում դեսպանի պաշտոնն ստանձնել է արդեն իսկ հիվանդ վիճակում: Նա ասել է, որ կպաշտոնավարի մինչև «օրացուցային տարվա վերջ» և դիվանագիտական ծառայությունից թոշակի կանցնի:
Լիբին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պարտականությունների կատարմանն է անցել անցյալ տարեվերջին: Տևական ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունել նրա հավատարմագիրը:
Նշելով, որ Բաքվում հոյակապ բժշկական օգնություն է ստացել՝ դեսպան Լիբին, ամենայն հավականությամբ, նպատակ է ունեցել ցրել իր պաշտոնաթողության վերաբերյալ քաղաքական կասկածները, մանավանդ որ դա համընկնում է Սպիտակ տան «տիրոջ» և վարչակազմի փոփոխությանը: Բայց այդ բացախոսությունը կարելի է հասկանալ այնպես, որ Ադրբեջանում նրա մեկամյա դիվանագիտական առաքելությունը շոշափելի արդյունք չի տվել:
Պաշտոնը թողնելու մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը տարածվել է, երբ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը մեկնում է Իրան: Ճիշտ է, դա աշխատանքային ուղևորություն է, նա Մեշհեդում կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդաժողովին, բայց եթե հաշվի առնենք, որ նրա իրանցի պաշտոնակից Արաղչին նախօրեին գտնվել է Թուրքիայում, ապա բարձր է հավանականությունը, որ Բաքուն և Թեհրանը կարող են ավելի խորքային քննարկումներ ունենալ:
Վերջին մի քանի ամիսներին Իրանը և Ադրբեջանը համատեղ երեք զորավարժություն են անցկացրել, վերջինը՝ հատուկ նշանակության զորքերի ներգրավմամբ: Ընդ որում՝ իրանական կողմը հատուկ ընդգծել է, որ խոսքը վերաբերում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներին: Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական և անվտանգային ոլորտում համագործակցությունն այլևս ինստիտուցիոնալ բնույթ է կրում, այն համակարգվում է կողմերի ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալների մակարդակով:
Ադրբեջանում Միացյալ Նահանգների շահերի պաշտպանության հարցում կարևոր է նաև Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության նախագիծը, որի վերաբերյալ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին Բաքվում մտահոգություն է հայտնել փոխպետքարտուղար Օՙ Բրայանը, ինչին Իլհամ Ալիևը պատասխանել է, թե իր համար «տարակուսելի է» ԱՄՆ մտահոգությունը:
Մարկ Լիբիի պաշտոնավարման մեկ տարում Ռուսաստան-Իրան համապարփակ համագործակցության պայմանագիր չի ստորագրվել, բայց Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության նախագիծն ուժի մեջ է: Ավելին, այդ ընթացքում Ադրբեջանը և Իրանը Ջեբրայիլի Աղբենդ բնակավայրում Արաքսի վրայով ուղեանց կամրջի հիմնարկեք են կատարել: Այդ հաղորդակցությունը կծառայի նաև Ռուսաստան-Իրան բեռնափոխադրումներին: Ռուսաստանը Ջեբրայիլում սկսել է «ԿամԱԶ» բեռնատարների տեխսպասարկման կենտրոն կառուցել:
Այդ նախագծերին «խոչընդոտելու» պատասխանատվությունն, ինչ խոսք, չի ծանրանում բացառապես դեսպան Լիբիի ուսերին: Բայց փաստ է, որ Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունների «պատմական բարելավումը»,- ինչպես կողմերի փորձագետներն են բնորոշում, տեղի է ունեցել վերջին մեկ տարում: Իսկ դա, անկասկած, դիվանագիտական ձախողում է: Իրանաադրբեջանական մերձեցման նկատմամբ ի՞նչ ուղեգիծ կընտրի Սպիտակ տան հանրապետական վարչակազմը:
Բաց մի թողեք
Նոր լարվածություն Իրան – Ադրբեջան հարաբերություններում
Կոշտան դրսևորում է քաղաքավարությո՞ւն, թե՞ քաղաքականություն
Ինչո՞ւ են ռուսաստանցի օլիգարխները շարունակում գործել՝ չնայած պատժամիջոցներին