13/01/2025

Ի տարբերություն Բալասանյանի՝ բավականին աղմկոտ ու օդիոզ մի նախկին քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանը

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրությանը: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը փրայմերիզ է կազմակերպում ՔՊ թեկնածուի ընտրության համար: Արդեն առաջադրվել է մի քանի ՔՊ-ական:

Թե ինչո՞ւ Փաշինյանը որոշեց կայացնել ոչ թե միանձնյա որոշում, ինչպես անգամ որոշակի նկատելի հպարտությամբ հայտարարում էր բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հեռացնելու առնչությամբ, այլ պատասխանատվությունը դրեց այս դեպքում կուսակցականների վրա, թերևս առավել պարզ կլինի առաջիկայում:

Եթե Նիկոլ Փաշինյանը պատասխանատվությունը թողել է «փրայմերիզի» վրա, ուրեմն Գյումրու քաղաքային իշխանության ձևավորման հարցում թերևս չկա գծագրված որևէ հաստատուն պլան, կա որոշակի անկանխատեսելիության զգացում, հետևաբար կա պատասխանատվության տակ չմնալու խնդիր:

Այստեղ է հետաքրքիր Գյումրու նախկին քաղաքապետ Ղուկասյանի որոշումը՝ առաջադրվել քաղաքապետի արտահերթ ընտրությանը, որ կլինի թերևս 2025 թվականին: Վարդան Ղուկասյանը կդառնա Գյումրու ընտրության «նախկինը», ինչը, թերևս, հնարավորություն պետք է տա ՔՊ-ին գործարկել ավանդական մեթոդաբանությունն ու փորձել այդ կերպ լուծել քաղաքային իշխանության ձևավորման խնդիրը:

Ի դեպ, ուշադրության է արժանի, որ մեծ հաշվով 2021-ի ընտրությանն էլ Գյումրիում քաղաքային իշխանության հարցը Նիկոլ Փաշինյանը լուծեց նախկին քաղաքապետի միջոցով, պարզապես Սամվել Բալասանյանի, որը, հաղթելով քաղաքային ավագանու ընտրությունը հայտարարում էր ՔՊ հետ որևէ դեպքում կոալիցիա չկազմելու մասին, ինչպես ԲՀԿ-ին միանալուց առաջ էր հայտարարում, թե իր ճակատին գրված է ՕԵԿ, բայց հետո պայմանավորվեց Նիկոլ Փաշինյանի հետ: Սակայն ինչպես լինում է երևի թե միշտ, Փաշինյանի հետ պայմանավորվածությունները որևէ կերպ հաստատուն եւ հուսալի չեն:

Բալասանյանն այսօր հետախուզման մեջ է և գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ նրա փոխարեն առաջին պլան է գալիս մեկ այլ նախկին, ի տարբերություն Բալասանյանի՝ բավականին աղմկոտ ու օդիոզ մի նախկին քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանը:

Անկասկած է մի բան, որ հանրապետության երկրորդ քաղաքը, որն իր քաղաքային մշակույթի պատմությամբ, իր կոլորիտով, էներգետիկայով թերևս առաջիններից մեկն է, արժանի է շատ ավելի որակյալ՝ ոչ միայն իշխանության, այլ նույնիսկ իշխանության ձևավորման գործընթացի, քաղաքապետի թեկնածուների, քաղաքային իշխանության և զարգացման համար մրցակցային պայքարի:

Բայց Գյումրին, այդ իմաստով լինելով Հայաստանի քաղաքային, պատմամշակութային վառ կետերից մեկը, քաղաքական իմաստով ցավոք սրտի առավել գորշ կետերից մեկն է, ու, ինչպես ցույց է տալիս քաղաքի նոր իշխանության համար ծավալվող գործընթացը, թերևս կանգնած է այդպիսին մնալու մեծ ռիսկի առաջ: