Քաղաքական «նորածիլ» և կամ «հաստաբուն» գործիչ(ք)ներ կան, որոնց հանրային ակտիվությունն ու հայտարարությունները, այն էլ՝ հայրենասիրա-ազգասիրական թեմաներով, նվազագույնը ծիծաղ ու զավեշտ են հարուցում։
Հատկապես, երբ այդօրինակ ակտիվությունն ու հայտարարությունները ցուցաբերվում ու հնչում են օտար երկրներից՝ սեփական երկրի իրավապահներից խույս տված, մի քանի քրեական գործ շալակած, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանողի կարգավիճակ ունեցող, օտար երկրում փախստականի կարգավիճակ ստացած սուբյեկտների կողմից։
Ընթերցողը հավանաբար կռահեց հիշյալ «կրիտերիաներին» համապատասխանող գործիչներից մեկին՝ Միհրան Պողոսյանին՝ հայտնի որպես «Քեթրինի Միհրան» կամ էլ ՝ «ԴԱՀԿ-ի Միհրան»։ Պարոն Պողոսյանն, արդ, նախօրեին Մոսկվա է հրավիրել ՀՀ-ում այս տարվա փետրվարին պետական գրանցում ստացած իր կուսակցության՝ «Հայոց Համազգային Միասնության» մի խումբ անդամների, նրանց նստեցրել խորհրդակցության սեղանի շուրջ, «թամադայել» է այդ սեղանն ու ինքզինքը դնելով Բժեզինսկու տեղը՝ արել է ուշագրավ գլոբալ-աշխարհաքաղաքական վերլուծություն։
ՀՀ ժողովրդի կողմից ընտրված Նիկոլ Փաշինյանի տապալումը փափագող Պողոսյանը մասնավորապես գուժել է. «Սիրիայի օրինակը ցույց տվեց, թե քանի օրում թուրքական իշխանությունը կարողացավ զավթել Սիրիան։ Մեզ համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ է մեզ սպասվում, եթե իշխանության ղեկին մնան այս ապաշնորհները։ Սրանց թվում է, թե շողոքորթելով և սիրաշահելով , Թուրքիայի նախագահի գիրքը սրտին սեղմելով և խամաճիկ խաղալով՝ Թուրքիան իրենց կխղճա և կուլ չի տա։
Ամենևին էլ ո՜չ. թուրքական այսօրվա իշխանությունը մեկ օրում մեզ կուլ կտա՝ այս խամաճիկ վարչախմբի իշխանության մնալու պարագայում»։ Ենթադրում ենք, որ պարոն Պողոսյանի գլխում այսպիսի ապոկալիպտիկ մտքեր գեներացվել են ոչ թե սեփական վերլուծական կարողությունների, Սիրիայի շուրջ ստեղծված ճգնաժամի մասին համապարփակ ինֆորմացիային տիրապետելու շնորհիվ, այլ ներշնչվել են «արտաքին խթանիչների» կողմից։
Մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ այդ խթանիչները աշխատում են Պուտինի աշխատակազմում, հավանաբար կոմունալ սպասարկման վարչությունում՝ որպես առաջատար մասնագետներ։ Կամ էլ, ո՞վ գիտե, ՌԴ-ում ապաստանած Սիրիայի երբեմնի նախագահ Բաշար ալ-Ասադն է Պողոսյանի հետ «էքստրեննի» հանդիպում ունեցել ու նման օգտակար տեղեկություններ հաղորդել, քանի որ այսպիսի աշխարհաքաղաքական ունիկալ վերլուծություն կարող էին անել միայն ՌԴ-ի օդը շնչած ու շնչող, ջուրը խմած ու խմող սուբյեկտները։
Բայցևայնպես կխնդրեինք պարոն Պողոսյանին իր հուշարարներից ճշտել՝ իսկ Սիրիայում Թուրքիան մենա՞կ էր իր զավթողական ու «կուլտվողական» քաղաքականությունն իրականացնելու գործում, թե՞ նրան, թուրքերեն բառով՝ «քյոմագ անողներ» եղան։ Օրինակ՝ Ռուսաստանը, որտեղ էլ փախստականի կարգավիճակ է ստացել Պողոսյանը, և որը Ասադի իշխանության աջակիցներից էր, ինչ արեց կամ չարեց, որ Թուրքիան հնարավորություն ունենա «կուլ տալու» Սիրիան։
Մինչ Միհրան Պողոսյանը կկոնսպեկտի իր հարցն ու կհղի այն իր հովանավորներին՝ անդրադառնանք նրա կազմակերպած հավաքի նպատակին. «Գործող իշխանությունը տանում է մեր երկիրը ամբողջական կործանման, ամբողջական հանձնման Թուրքիային։ Օր առաջ պետք է ազատվել այս չարիքից, քանի դեռ մենք կարող ենք փրկել մեր երկիրը, քանի դեռ չի հանձնվել թշնամուն Հայաստանի Հանրապետությունը։ …Եվ այս ամենը խոսում է այն մասին, որ մենք օր առաջ պետք է ազատվենք այս չարիքից, որպեսզի փրկվենք և փրկենք մեր երկիրը»։ Եզրափակելով իր խոսքը, ինչպես կուսակցության ֆեյսբուքյան էջն է «ավետում», «կուսակցության նախագահը հանձնարարականներ է տվել կուսակցության երիտասարդական միության և գործադիր մարմնի անդամներին»։
Թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը՝ կարելի է ենթադրել։ Երևի «հորդորվել» է երիտասարդներին ամանորյա տոներից հետո, երբ բոլորը կլինեն լավ կերած-խմած, ուրախացած ու կազդուրված, «բզբզալ» փողոցային պայքարի հերթական փուլը սկսելու ուղղությամբ։ «Մենք պարտավոր ենք դասեր քաղել ուրիշների սխալներից։ Մենք անգամ մեր սխալներից դասեր չքաղեցինք։ Ժամանակավոր հանձնեցինք (չհանձնեցինք, իրեն փախստականի կարգավիճակ տված «խաղաղապահ» ՌԴ-ն հանձնեց-խմբ.) Արցախի Հանրապետությունը, այսօր վտանգի առաջ է կանգնած Հայաստանի Հանրապետությունը։ Երիտասարդնե՛ր, արթնացե՛ք և արթնացրե՛ք ամբողջ ազգը։ Ձեր երիտասարդական ավյունը, երիտասարդական եռանդը, ուժը և կորովը այսօր ավելի քան անհրաժեշտ է մեր երկրին»,- հորդորել է նախկին երիտասարդ Պողոսյանը։
Չէ՞ որ եթե Նիկոլ Փաշինյանը գահընկեց արվի, նրա փոխարեն բերվի շնորհքով մեկը, որը չի լինի Էրդողանի խամաճիկը, այլ մարտահրավեր կնետի վերջինիս, նրա գիրքը կրծքին սեղմելու փոխարեն կպատառոտի այն ու կգցի ոտքերի տակ և կանի «փիս-փիս»՝ «հայաթի մասշտաբով հայտնի ու հարգված տղուն» սազական բաներ, Թուրքիան կհավաքի իրեն, կմտքափոխվի ու «կջրի» Հայաստանին ևս «կուլ տալու» Էրդողանի պլանը։ Ամենակարևորը՝ այդ հարցում Թուրքիային կհամոզի մեր ամենակարող ռազմավարական դաշնակիցը՝ ՌԴ-ն։
«Չարիքին» փոխարինող պոտենցիալ «բարիքը», ոնց գցում-բռնում ենք, Միհրան Պողոսյանն է որ կա։ Հետևապես՝ Միհրա՛ն, վարչապետ, Արշակ (Կարապետյան), նախագա՛հ։
Հ.Գ. Ի դեպ, հայրենիքի դարդով տապակվող Պողոսյանը, դատելով հավաքի մասին վկայող լուսանկարներից, իր հետ հանդիպման եկած երիտասարդների ծարավը (զուտ ֆիզիոլոգիական իմաստով ծարավի մասին է խոսքը, այլ ոչ՝ գիտության ու խելոք խոսք լսելու ծարավի) հագեցնելու համար խորհրդակցության սեղանին դրել է ոչ թե հայկական արտադրության հանքային ջրեր՝ «Բջնի», «Ջերմուկ», «Արզնի», այլ… իտալական արտադրության «ռազմահայրենասիրական» ջուր՝ «Սան Պելեգրինո»։ Իզո՞ւր է հայ պատմահայրը մեզ ավանդել հայկական հող ու ջրի ուժ ու «դուխ» տվող հատկության մասին ավանդազրույցը՝ «Արշակ ու Շապուհ»-ը։ Ի դեպ, պարոն Պողոսյանին առաջարկում ենք վերընթերցել այն՝ քաղաքական հաջորդ թունդ վերլուծությունն անելուց առաջ։ Ապաև՝ վերադառնալ Հայաստան, կանգնել սեփական երկրի արդարադատության առաջ, ենթարկվել պատասխանատվության և սեփական երկրի փրկության ծրագիրը իրականացնել սեփական երկրի հողի վրա կանգնելով։
Հ. Մ.
Բաց մի թողեք
Ֆրանսիայի հետ «սուվերեն մրցակցությունն» Ալիևին դրական ոչինչ չի խոստանա
Լևոն Քոչարյանը «քյոռփա» ժամանակ կամ` «առանց պպզել սեղանի տակ անցնելու» տարիքում
Միլիոնների գույք Դուբայում ու 3 քրեական վարույթ. հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը. Լուսանկար