13/01/2025

Հյուսիսում և հարավում կարող ենք քաղաքական բոլորովին այլ դավանանքի հարևաններ ունենալ

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ուղերձով դիմել է Իրանի ժողովրդին և հրապարակայնացրել, որ կրոնապետական ռեժիմը վերջին տասներեք տարիներին, Սիրիայում «քաղաքացիական պատերազմից» ի վեր Բաշար Ասադի ռեժիմի պահպանմանը հատկացրել է 30, իսկ «Հեզբոլլայի» զինմանը և պահպանմանը՝ 20 միլիարդ դոլար:

«Ասադի ռեժիմը տապալված է, իսկ «Հեզբոլլահի» պարագլուխները վերածվել են մոխրի, նրա հրթիռապահեստներից ծուխ է ելնում այսօր»,- ասել է Իսրայելի վարչապետը և հուսադրել, որ իրանցիները նույնպես ազատություն կվայելեն:

Նաթանյահուն սեպտեմբերից ի վեր երրորդ անգամ է դիմում Իրանի ժողովրդին և հորդորում, որ նա հրեական պետության հետ խաղաղ համագործակցության ընտրություն կատարի: Ի դեպ, նույն ուղերձը նա հղել է Սիրիայի «անցումային կառավարությանը» Երուսաղեմը պատրաստ է Դամասկոսի հետ հարաբերություններ հաստատել, եթե վերջինս խաղաղ հարևանության մտադրություն ունի: Բարդ է ասել, թե իսրայելա-սիրիական «ճակատում» ինչ զարգացումներ կլինեն:

Իսկ Իրանում, երևում է, ներքին տարաձայնությունները բացահայտվում են: Թեհրանի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Իբրահիմ Մութաջին արևմտյան մամուլին ասել է, որ Բաշար Ասադի ռեժիմի անկումից և Լիբանանում «Հեզբոլլահի» ծանր պարտությունից հետո «Իրանը կծկվել է և վերածվել սովորական պետության»:

Քաղաքական մեկնաբան Հասան Շամշադին «Նյու Յորք թայմսին» հայտնել է, որ հանրության բոլոր խավերը քննարկում են Մերձավոր Արևելքում Իրանի քաղաքականությունը և հարցնում, թե ի՞նչ նպատակով են հսկայական միջոցներ ծախսվել, ինչո՞վ կարելի է բացատրել կորուստները:

Իսրայելական լրատվամիջոցը մեջբերում է «նախկինում Սիրիայում կռված» Ալիռզա Մուքրամիի սոցցանցային գրառումը: «Հանուն ինչի՞ եք դուք համաժողովրդական փողերը ներդրել Ասադի ծրագրերում, եթե նա նույնիսկ ձեզ չի լսել»:

Ըստ տեղեկությունների, ռեժիմի տապալումից հետո Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիին մերձավոր շրջապատում ասել է, որ «ապստամբական ուժերի» հարձակման մասին Ասադին զգուշացրել է դեռևս սեպտեմբերին, բայց նա «ուշադրություն չի դարձրել»:

Այդպես է, թե ոչ, այլևս որևէ նշանակություն չունի: Գերխնդիր է, որ Իսրայելի վարչապետը՝ բաց տեքստով, իսկ Միացյալ Նահանգները՝ մամուլի հրապարակումների և, ամենայն հավանականությամբ, նաև դիվանագիտական փակ խողովակներով Իրանի կրոնապետությանը զգուշացնում են, որ ցանկացած «կտրուկ մարմնաշարժում» ստանալու է ռազմական համարժեք պատասխան, իսկ իրանցիներին քաղաքացիական անհնազանդության ուղղակի կոչ են անում:

Ասադի ռեժիմի տապալումից մեկ շաբաթ անցել, բայց Իրանի նախագահի «ձայնը չի լսվում»: Տողերիս հեղինակը դեռևս ամիսներ առաջ է հրապարակային հարցադրում արել՝ Իրանում երկիշխանությո՞ւն է, նախագահ Փեզեշքիանը մի ուղղությա՞ն է, հոգևոր առաջնորդն՝ ա՞յլ: Թող չափազանցություն չթվա, բայց այսօր կարելի է կասկածել՝ Իրանում միջազգայնորեն գործունակ իշխանություն կա՞:

Թեհրանում ամեն ինչ սպասելի է՝ կրոնապետության տապալում կամ նախագահ Փեզեշքիանի պաշտոնանկություն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական դիկտատուրայի հաստատում:

«Առասպելների», որ Իրանը հինգ հազար տարվա պետականության պատմություն ունի, հզոր երկիր է և թույլ չի տա, որ իր անվտանգության «կարմիր գծերը» խախտվեն, ժամանակն անցյալում է: Իր վճռական ընտրությունը Հայաստանը պետք է կատարեր «արաբական գարնան» հենց առաջին տարում:

Այսօր քաղաքական թե իշխող ուժը, թե ինստիտուցիոնալ ընդդիմության և արտախորհրդարանական ներկայացուցիչները պարտավոր են ձերբազատվել ֆոբիաներից և սիմպատիաներից. Հայաստանը պետք է շատ վտանգավոր իրավիճակը հաղթահարի առավելագույնս անկորուստ: Վաղը մենք հյուսիսում և հարավում կարող ենք քաղաքական բոլորովին այլ դավանանքի հարևաններ ունենալ:

Ռուսաստանցի քաղաքական մեկնաբան Տարասովը Բաշար Ասադի ռեժիմի տապալման պատասխանատվությունն անուղղակիորեն հասցեագրում է Իրանին: Նրա տեղեկացվածությամբ՝ Թեհրանը կասկածել է, որ Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում ազդեցության վերաբաժանման գաղտնի պայմանավորվածություն ունեն: Իրանը դեկտեմբերի 5-ին գերագույն հոգևոր առաջնորդի քաղաքական հարցերով տեղակալ Այաթոլլա Ղումիի գլխավորությամբ բարձրաստիճան պատվիրակություն է գործուղել Մոսկվա:

Ի՞նչ մակարդակի շփումներ են ունեցել կողմերը՝ ոչ մի տեղեկություն չկա: Ըստ երևույթին՝ Թեհրան վերադառնալով՝ այաթոլլա Ղումին խորհուրդ է տվել սիրիական «կաթսայից» հեռու մնալ: Իսրայելական մամուլի տեղեկություններով՝ Բաշար Ասադը դեկտեմբերի 2-ին գտնվել է Մոսկվայում, որտեղ նրան պարզ հասկացրել են, որ «խրված են Ուկրաինայում և չեն կարող ռազմական օգնություն ցուցաբերել»:

Տպավորություն է, թե Մոսկվան փորձել է Թեհրանին համոզել, որ իր վրա վերցնի Ասադի ռեժիմը փրկելու պատասխանատվությունը, բայց պարսիկները հրաժարվել են ոչ այնքան Իսրայելի հետ ուղղակի բախման մեջ չմտնելու, որքան «դիվանագիտական ծուղակից խուսափելու» համար: Հրապարակային-դիվանագիտական խոսույթում ոչ ոք չի խոստովանում, որ օրակարգում «Սիրիայի արաբական հանրապետություն» անվանված երկրի կազմալուծման հարցն է:

Փորձագիտական շրջանակները, սակայն, ազդակներ հղում են: Նույնիսկ ռուսական մամուլն է հիշեցնում, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ներկայումս «Սիրիա» կոչվող տարածքը ֆրանսիական մանդատի ներքո բաժանված է եղել «մի քանի պետությունների», այդ թվում՝ «Մեծ Լիբանանի»: Սիրիական «հեղափոխությունն» սկսվել է իսրայելալիբանանյան հրադադարն ուժի մեջ մտնելուց տառացիորեն երկու-երեք ժամ անց:

Այդ համաձայնագրի երաշխավոր է նաև Ֆրանսիան, որ տևական ժամանակ է՝ փորձում է Միջերկրականի արևելյան շրջանում «ուժային բևեռ» ձևավորել: Ամենևին էլ պատահական չպետք է համարել, որ սիրիական «հեղափոխությունը» համընկնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիպրոսի հայտի շուրջ դիվանագիտական քննարկումներին: Ըստ երեւույթին, դա «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» խնդիրը լուծելու տարբերակ է Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Անկարային կարող է բավարարել «միավորված Կիպրոսի» հետ նույն դաշինքում լինելը, ինչը թույլ կտա երաշխավորել կղզու թուրքական «համայնքի» փաստացի ինքնուրույնությունը:

Դեկտեմբերի 13-ին Ստամբուլում գումարվել է Ռազմավարական կոմունիկացիաների միջազգային խորհրդաժողով: Իր ելույթում Թուրքիայի նախագահի գրասենյակի կոմունիկացիաների վարչության տնօրեն Ալթունն ասել է, որ իր երկիրը «գլոբալ քաղաքականության վրա ազդեցություն է գործում ոչ միայն Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Կովկասում և Սեւծովյան տարածաշրջանում, այլև Աֆրիկայում»: Նա վկայակոչել է Սոմալիի և Եթովպիայի նախագահների Թուրքիա այցը և հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումը:

Դա, անկասկած, Թուրքիայի միջազգային դերակատարության արձանագրում է, որ մանավանդ Հայաստանում պետք է արժանանա խորքային գնահատականի. Անկարան դասվել է այն մայրաքաղաքների շարքը, որտեղ հակամարտ երկրների առաջնորդները հարաբերությունների կարգավորման համաձայնության են գալիս: Թուրքիան այդպիսով խնդիրներ հարուցող երկրից վերածվում է հակամարտությունների հարթման միջնորդի:

Սիրիայի, «արաբական գարուն» վերապրած մյուս երկրների օրինակը ցույց է տալիս, որ պետություն կազմալուծելու համար պարտադիր չէ դիմել ռազմական ագրեսիայի: Հայաստանում բոլորը մտասևեռված են Ադրբեջանից սպառնալիքի, այն կանխելու վրա: Իսկ եթե ամեն ինչ այդքան պարզունակ չէ՞: