ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան հարցի, թե իր նախագահության շրջանում հնարավո՞ր է պատերազմ Իրանի հետ, ասել է, թե «բացառված չէ ոչինչ»:
Միևնույն ժամանակ, հայտնի է, որ Դոնալդ Թրամփը պատրաստվում է նշանակել Իրանի հարցերով հատուկ բանագնաց, որի թեկնածու է դիտվում Թրամփի համար վստահելի անձանցից մեկը՝ ազգային հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Գրենելը:
Այդ մասին հաղորդել է Ռոյթերզը: Ըստ գործակալության՝ Թրամփը, սակայն, դեռևս չի կողմնորոշվել Իրանի հարցում իր քաղաքականության առումով և ներկայումս նրա թիմն ակտիվ զբաղված է դրա մշակումով:
Նախօրեին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն էր հայտարարել, թե Իրանի ժողովրդի համար ներկայիս «ռեժիմից ազատվելու» պահը ավելի մոտ է, քան թվում է: Թե՛ պատերազմ «չբացառելու» մասին Թրամփի հայտարարությունը, թե՛ Նաթանյահուի հայտարարությունը, թերևս պետք է դիտարկել Թեհրանի ուղղությամբ հոգեբանական գրոհի մաս: Գործնական առումով հազիվ թե Թրամփը և անգամ Իսրայելը ունենան Իրանի հետ պատերազմի գործնական շահագրգռություն:
Այդուհանդերձ, Հայաստանի համար շատ կարևոր է լինելու, թե Իրանի հարցում ինչ քաղաքականություն է իրականացնելու Դոնալդ Թրամփի վարչակազմը: Ավելորդ է ասել, որ այդ քաղաքականության հանդարտությունն է բխում Հայաստանի շահերից: Այն, որ Թրամփը դիտարկում է Իրանի հարցում հատուկ բանագնացի թեկնածություն, վկայում է, որ նա, այդուհանդերձ, հակված է քաղաքական գործընթացի:
Ընդ որում՝ այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, ունենալու է շատ ավելի լայն շրջանակ, որովհետև Իրանի հարց ինքնին՝ որպես այդպիսին, թերևս գոյություն չունի: Մասնավորապես, այդ հարցը ենթակա է լինելու ԱՄՆ-Ռուսաստան և ԱՄՆ-Չինաստան ավելի գլոբալ երկու հարցերին: Կան նաև այլ մի քանի առավել սեղմ, բայց ոչ պակաս կարևոր ու նշանակալից ուղղություններ:
Բայց Իրանի հետ պատերազմը դա հավասարազոր է լինելու գլոբալ պայթյունի, որը հազիվ թե բխի Միացյալ Նահանգների շահից, առավել ևս Թրամփի վարչակազմի դեպքում: Նա հայտարարել է, որ իր համար կարևոր առաջնահերթություն է լինելու Ուկրաինայում հրադադարի հասնելը:
Թրամփը շեշտել է, որ կարևոր է նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, բայց Ուկրաինան գերակայություն է: Հարկ է արձանագրել, որ Թրամփի համար դա պարզապես նախընտրական խոստման հարց չէ, այլ սառը հաշվարկի: Թրամփը լուրջ հարցերի առաջ է կանգնած լինելու հենց ԱՄՆ ներսում: Վարչակազմ ձևավորելը մի բան է, բայց դրա արդյունավետ աշխատանք ապահովելը՝ այլ:
Դեմոկրատները պարտվել են նախագահի ընտրությունը, բայց ամենևին մտադիր չեն հրաժարվել «պատերազմից», այսինքն ներքաղաքական դիմակայությունից: Ուկրաինայում դադարը Թրամփի համար անհրաժեշտ է այդ դիմակայության համար ռեսուրս խնայելու տեսանկյունից:
Մեծ պատերազմը Մերձավոր Արևելքում ԱՄՆ համար կլինի շատ ավելի ծանր բեռ, քան Ուկրաինան, որովհետև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ստիպված կլինի պատերազմին մասնակցել արդեն նաեւ «ֆիզիկապես»: Իհարկե այլ հարց է, որ Թրամփի հակառակորդները կարող են շահագրգռված լինել նրան այդ «կաթսայում եփելու» հեռանկարով: Բայց դա նշանակում է, որ Թրամփն ավելի շուտ միտված է լինելու այդ հեռանկարին դիմադրելուն, քան կաթսայի տակ կրակ վառելուն, երբ ակնհայտ է, որ այդ կաթսայում հայտնվելու է հենց ինքը:
Բաց մի թողեք
Ինչո՞ւ են ռուսաստանցի օլիգարխները շարունակում գործել՝ չնայած պատժամիջոցներին
Թուրքիան, բացառված չէ, փորձում է խոչընդոտել ռուս-իրանական պայմանագրի ստորագրմանը
Թրամփի պաշտոնամուտն էական փոփոխություններ կբերի ԱՄՆ – ԵՄ հարաբերություններում