ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելով մեծանուն կոմպոզիտորին 85-ամյակի և վերջինիս նվիրված հոբելյանական համերգի կայացման առթիվ:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին եռանդի և նվիրումի համար՝ նշելով.
«Ձեր բոլոր ստեղծագործություններն իրենց մեջ հույսի և լուսավորության գաղափար են կրում: Ձեր եռանդն ու ոգևորությունը փոխանցվում են բոլորիս, իսկ Ձեր բազմաժանր ժառանգությունը դարձել է մեր հանրության սեփականությունը»:
Ռոբերտ Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և դրական խոսքերի համար:
«Զգացի, թե մարդիկ որքան միասնականացան այդ երաժշտության ներքո: Մենք ավելի ուշադիր պետք է լինենք մեր հոգու հանդեպ և կարողանանք կոփել մեր միասնությունը»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը՝ մեջբերելով ստեղծագործության բնաբանը՝ «Ես կյանքը սիրում եմ առանց քեզ ևս, բայց քեզ հետ հասկանում եմ, թե ինչու»:
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ քննարկվել են նաև հեղինակային իրավունքի պաշտպանությանն առնչվող հարցեր:
«Ամեն կերպ փորձում ենք ինքնազբաղ արվեստագետների համար ստեղծել երաշխիքներ և պայմաններ, որպեսզի նրանք, մեր երկրում ստեղծագործելով, արժանապատիվ վաստակելու և ապրելու հնարավորություն ունենան: Այս համատեքստում հեղինակային իրավունքի պաշտպանության մեխանիզմներն առանցքային են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով ոլորտի երախտավորների հետ համատեղ աշխատելու պատրաստակամությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երաժշտարվեստի ոլորտի խնդիրներին, ազգային երաժշտության հանրահռչակմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մաեստրոյի կողմից մի շարք լեզուներով նովելների երաժշտականացման և տարբեր խմբերի միջոցով դրանց կատարման հնարավորություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:


Բաց մի թողեք
Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է»
«Առաքել». երբ թատրոնի բեմից հնչում են քաղաքական դաշտում չլսվող հարցերը. Լուսանկար
Մատաղիսի ավերված դպրոցն ու Ալիևների ընտանեկան լուսանկարը․ Արցախի կորսված կրթության խորհրդանիշը. Լուսանկար