Հայաստանի և Իրանի սահմանի անձնագրային անցակետում սահմանապահ ծառայության ամբողջական անցումը Հայաստանի սահմանապահներին, անշուշտ իրադարձություն է: Դրա քաղաքական հնարավոր շերտավորումներին անդրադարձել եմ պարբերաբար, ու թերևս դեռ կլինեն առիթներ:
Հայ-իրանական սահմանի առնչությամբ կա սակայն մեկ այլ կարևոր հարց, որը, կարծես թե, մատնվել է մոռացության: Տարիներ առաջ Հայաստանում որոշվեց հայ-իրանական սահմանին կառուցել ազատ տնտեսական գոտի:
Դրա բացատրությունն այն էր, որ Իրանի ու ԵՏՄ միակ ցամաքային սահման լինելու հանգամանքը հնարավոր է օգտագործել հայ-իրանական տնտեսական կոոպերացիան խթանելու և փոխշահեկան տնտեսական էֆեկտ ստանալու համար:
Սակայն, 2018 թվականից հետո այդ տնտեսական գոտու ծրագիրը ոչ միայն կանգ առավ, ինչպես օրինակ մեկ այլ խոշորագույն ներդրումային ծրագիր, այլ, ըստ էության, նաև հարուցվեցին քրեական գործեր՝ կապված տնտեսական գոտու համար հողերի օտարման ընթացակարգերի հետ:
Այն, որ կոռուպցիոն կամ այլ բնույթի քրեական ռիսկերի կամ հանցանքի պարագայում պետք է լինի համապատասխան իրավական գործընթաց և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ պետության ու հանրության շահը վնասելու, դրա հաշվին սեփական բարեկեցություն քաղելու համար, կասկածից վեր է:
Միևնույն ժամանակ, սակայն, այդ գործընթացները պետք է կազմակերպվեն և իրականացվեն այնպես, որ իրենց հերթին չարգելակեն հանրային ու պետական շահի համար կարևոր ծրագրերի շարունակությունը:
Օրինակ, մեծ հաշվով նույնը տեղի ունեցավ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հետ: Հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր, որոնք սակայն իրենց հերթին ստեղծեցին մի իրավիճակ, երբ Հյուսիս-հարավ ռազմավարական նշանակության մայրուղու շինարարությունը Հայաստանում դարձավ ոչ թե ավելի արագ, այլ դանդաղեց զգալիորեն:
Ի՞նչ վիճակում է հայ-իրանական սահմանի ազատ տնտեսական գոտու ծրագիրը: Այն կա՞, թե՞ Հայաստանը հրաժարվել է դրանից: Այս տարիների ընթացքում Իրանի ու ԵՏՄ գործակցությունը խորացել է: Կնքվել է ազատ առևտրի պայմանագիր, իսկ օրեր առաջ էլ Իրանը ստացավ դիտորդի կարգավիճակ:
Հայաստանի տնտեսության համար շատ կարևոր է ներդրումային ծավալների ընդլայնումը: Սակայն, հայ-իրանական սահմանի ազատ տնտեսական գոտին գործնականում կարող է լինել ոչ միայն տնտեսական նշանակության ծրագիր, այլ նախաձեռնություն, որը կունենա նաև անվտանգային իմաստ: Ի վերջո, ինչպես հենց պաշտոնական Երևանն է արձանագրում, անվտանգությունը լոկ ռազմական պաշտպանական կարողությունները չեն, բանակը չէ:
Ռազմական բաղադրիչի գերկարևորությամբ հանդերձ, էական են նաև այլ, այդ թվում տնտեսական շահերի միջոցով ձևավորվող բաղադրիչները, կայունության բազմակողմ մոտիվները, որոնք թույլ են տալիս անվտանգության ապահովման բեռն ամբողջությամբ չթողնել զինված ուժերի վրա, առավել ևս, երբ զինված ուժերն ունեն համակարգային վերականգնման «ժամանակի ու տարածության» էական անհրաժեշտություն:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիների հայտարարագրում – Պարզաբանումներ – 16 Հարց ու պատասխան
Պայմանագրի ստորագրմանը հաջորդում է աղմկոտ հանցագործություն Թեհրանում
Ո՞ր ոլորտներում է Կոբախիձեն պատկերացնում ՎՀ, ՀՀ, ԱՀ եռակողմ ձևաչափ