16/02/2025

Թուրքիան, բացառված չէ, փորձում է խոչընդոտել ռուս-իրանական պայմանագրի ստորագրմանը

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Իրանի և ՌԴ-ի միջև ռազմավարական համապարփակ համագործակցության մասին պայմանագիրը ներառում է 47 հոդված և ընդգրկում է երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ պայմանագիրը պարունակում է ներածական մաս և 47 հոդված։ Այն ստորագրելու և իրագործելու դեպքում մեր երկրների միջև համագործակցության մակարդակը զգալիորեն կբարձրանա բոլոր ոլորտներում»,– նշել է Ջալալին։

Ավելի վաղ Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցրել էին համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:

Անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք և իր այցի ընթացքում պայմանագիր կստորագրի, որը կփոխարինի երկրների միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին գործող փաստաթուղթը, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին Մոսկվայում:

Հունվարի 12-ին Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Լավրովը և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել: Այդ առթիվ ՏԱՍՍ-ի տարածած հաղորդագրության տեքստում աչքի է զարնում, որ կողմքերը «քննարկել են էթնիկ-կրոնական բոլոր ուժերի մասնակցությամբ ինկլյուզիվ երկխոսության միջոցով սիրիական կարգավորման հետագա քայլերը»:

Թուրքիան, ինչպես հայտարարել է երկրի նախագահ Էրդողանը, Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանի «քրդական ինքնավարության իշխանություններին» չի ճանաչում որպես այդ երկրի քուրդ բնակչության ներկայացուցիչներ, պահանջում է, որ նրանք հեռանան, ռազմական կազմավորումները՝ զինաթափվեն:

Լավրով-Ֆիդան հեռախոսազրույցը կայացել է մի փուլում, երբ Մոսկվայում սպասում են Իրանի նախագահ Փեզեշքիանի այցին, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր: Ըստ իրազեկ աղբյուրների, այն ունի նաև «ռազմա-անվտանգային և պաշտպանական բաղադրիչ»:

Թուրքական մամուլը Սիրիայում Իրանի «ռազմավարական պարտությունը» ներկայացնում է որպես անձամբ նախագահ Էրդողանի կարևորագույն ձեռքբերում: Ընդսմին, վերջին մի քանի օրերին իշխանական լրատվամիջոցները գրում են, որ «Իրաքում Իրանի պաշտոնական ներկայացուցիչները հանդիպել են Սիրիայում քուրդ ահաբեկիչների հետ»:

Ըստ այդմ, քրդերն Իրանից «շուրջ երկու հազար ԱԹՍ են խնդրել, Թեհրանը խոստացել է մատակարարել հազար հինգ հարյուրը, բայց գործարքը դեռևս չի իրականացվել, քանի որ Թուրքիան սպառնացել է ոչնչացնել բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային բոլոր միջոցները»:

Թուրք-իրանական հարաբերություններին, ամենայն հավանականությամբ, հավելյալ բարդություն է հաղորդել նաև Արդեբիլի շրջանում, Ադրբեջանի հետ սահմանին նոր տեղորոշիչ կայանի գործարկումը, որ ունի 800 կիլոմետր շառավող օդային տարածք վերահսկելու հնարավորություն, որ մասնակիորեն ներառում է նաև Թուրքիայի սահմանները:

Իրանական աղբյուրները հայտնել են, որ Թեհրանը նման որոշում կայացրել է այն բանից հետո, երբ հրթիռային հարվածներ է ստացել նաև «Կասպից ծովի օդային տարածքից՝ Բաքվի իշխանությունների իմացությամբ»:

Ադրբեջանական փորձագետներն Իրանի այդ քայլը որակել են «բացահայտ թշնամական», քանի որ տեղորոշիչ կայանը «լիովին վերահսկում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Ղազախստանի և Թուրքմենստանի օդային տարածքը»:

Ռուս-իրանական համապարփակ ռազմավարական համագործակցության պայմանագիրը ենթադրու՞մ է Իրանի օդուժի, ՀՕՊ և հակահրթիռային համակարգի արդիականացում՝ պարզ չէ: Իսկ տեղեկությունները, որ Թուրքիան «պատրաստվում է Ռուսաստանից գնված C 400 զենիթա-հրթիռային կայանքները տեղաբաշխել Սիրիայում», կարծես թե տրամաբանական են:

Թուրքիան տևական ժամանակ Ռուսաստանի հետ խնդիրներ է ունեցել քրդական հարցում: Իշխող տեսակետ է, որ Քրդական բանվորական կուսակցությունը, որ «մարքսիստական գաղափարախոսության կրող է», ձևավորվել է Խորհրդային Միության աջակցությամբ:

Ճիշտ է, անկախ Ռուսաստանը Թուրքիայի պահանջով արտաքսել է ՔԲԿ առաջնորդ Օջալանին, որից հետո նա ձերբակալվել և ցմահ ազատազրկման է դատապարտվել, բայց Սիրիայում նոր իրավիճակը կարող է Մոսկվայի համար ակտուալացնել «քրդական գործոնը»:

Անկարան, երևում է, մտահոգություններ ունի, որ ռուս-իրանական բարձր մակարդակի հանդիպումից հետո կողմերը նաև ոչ հրապարակային պայմանավորվածություններ կունենան, այդ թվում՝ Սիրիայի ապագայի հետ կապված:

Ռուս-իրանական պայմանագրի ստորագրումը մեկ անգամ ձախողվել է Իրանի նախագահ Ռեիսիի ուղղաթիռի խորտակման և նրա զոհվելու պատճառով: Այդ աղետի շուրջ կասկածանքները փարատված չեն: Որոշ տեղեկություններով՝ լեռնային բարդ տեղանքում ուղղաթիռի բեկորները «հայտնաբերել է թուրքական ԱԹՍ-ն»:

Թուրքիան, բացառված չէ, փորձում է խոչընդոտել ռուս-իրանական պայմանագրի ստորագրմանը: Թուրք-իրանական լարվածությունն, ամենայն հավանականությամբ, կազդի նաև Հարավային Կովկասի իրավիճակին: Իրանի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին կոշտ հայտարարությունները, թերևս, Բաքու-Թեհրան նոր լարվածության անոնս են: