Հունվարի 23-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ազգային հերոս, պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին։
Մաեաստրո Չեքիջյանի ղեկավարությամբ կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Ֆանտազիան՝ գրված դաշնամուրի, երգչախմբի և նվագախմբի համար, Ջուզեպ Վերդիի հատված «Նաբուկո» օպերայից, «Աիդա» օպերայի 2-րդ գործողության ֆինալը և Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» օրատորիայի ֆինալը: Որպես մենակատար հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թ.-ի դեկտեմբերի 23-ին, Կոստանդնուպոլսում։ 1934-1941թթ.-ին սովորել է Մխիթարյան վարժարանում, 1947թ.-ին ավարտել է Սեն Միշել ֆրանսիական քոլեջը, 1944թ.-ին՝ ընդունվել Ստամբուլի կոնսերվատորիայի դիրիժորության ֆակուլտետ։ 1951-1953թթ.-ին Չեքիջյանը եղել է Փարիզի École Normale de Musique կոնսերվատորիայի ուսանող և միաժամանակ սովորել է քիմիական հետազոտական ինստիտուտում՝ ստանալով ինժեներ-քիմիկոսի դիպլոմ։ 1958-1961թթ.-ին անցել է հետավարտական կուրսեր Ստամբուլի կոնսերվատորիայում։
1961 թ.-ին Հովհաննես Չեքիջյանը տեղափոխվել է Հայաստան և մինչ այսօր ղեկավարում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ 1969 թ.-ին երգչախմբին շնորհվել են «Ակադեմիական», 1975-ին՝ «Վաստակավոր», 2012-ին՝ «Ազգային» կոչումները: Հովհաննես Չեքիջյանը ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում և բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Հայաստանից դուրս Մաեստրոն ունեցել է 873 համերգ։
Որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյանը անգնահատելի ներդրում ունի հայ երաժշտական ժառանգության մեջ իր վոկալ-սիմֆոնիկ բանաստեղծություններով և խմբերգային մշակումներով։ Այսպես էր գնահատում Մաեստրոյին ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը՝ «…դու կարողացել ես քո ազգայինը վերածել համազգայինի և քո արվեստը դարձնել համամարդկային»։
Հոբելյանական այս միջոցառումը երախտագիտության արտահայտություն է Հովհաննես Չեքիջյանի՝ համաշխարհային երաժշտական ժառանգության մեջ ունեցած ավանդի համար։
Բաց մի թողեք
Վրաց գրողները սատարում են Հայաստանի գրողների միության պայքարին
Գրավում էի դեղատան աշխատողների սրտերը, ովքեր էլ երբեմն անվճար տալիս էին մորս դեղերը. Տաթև Ասատրյանը համերգի ժամանակ պատմել է դրվագներ իր կյանքից
Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը. Լուսանկար