05/02/2025

Ավինյանի մայրը եռահարկ առանձնատուն է գնել, այն հանված է վաճառքի՝ 490 հազար դոլարով. Լուսանկար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքը նոր առանձնատուն է ձեռք բերել Երևանում: Այն գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերից։

Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ առանձնատունը գրանցված է Հասմիկ Խլղաթյանի անունով։ Հասմիկ Խլղաթյանը Տիգրան Ավինյանի մայրն է։ Factor.am-ընտրողների ռեգիստրից տեղեկացավ, որ Ավինյանն ու Խլղաթյանը գրանցված են նույն հասցեում՝ Ագաթանգեղոսի փողոցում։ Առանձնատունը քաղաքապետի ընտանիքը գնել է 2024 թվականի նոյեմբերի 19-ին։ Նույն օրը այն գրավադրվել է «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ում։

Առանձնատունը եռահարկ է և պարսպապատված։ Ըստ փաստաթղթերի՝ առանձնատանը կից կա օժանդակ շինություն և հողամաս։ Հողատարածքի մակերեսը 740 քմ է, իսկ առանձնատանը՝ 340 քմ։ Պարզեցինք, որ առանձնատունը վաճառվում է 490 հազար դոլարով։ Այսօր մամուլում հրապարակվել էր առանձնատան լուսանկարը և նշվել, որ այն պատկանում է Տիգրան Ավինյանին։

Այդ հրապարակումից հետո քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հաղորդագրություն տարածեց, որում նշված է․ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ Oragir.News կայքում հրապարակված հոդվածի վերնագիրը («ԱՎԻՆՅԱՆԸ 650 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ Է ԳՆԵԼ, ԱՊԱ ԿՈՂՔԻ ՀՈՂԸ ՄԻԱՑՐԵԼ») չի համապատասխանում իրականությանը, իսկ հոդվածի բովանդակությունը խեղաթյուրում է իրականությունը»։

Նարեկ Կիրակոսյան; factor.am