20/02/2025

Ինչ է սպասվում Հայաստանում, որ այդքան հետաքրքիր հայտարարություններ են արվում ու հանդիպումներ տեղի ունենում

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ճանապարհների ապաշրջափակման հարցում Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները նույնական են, և միակ տարբերությունը, ըստ նրա, այն է, որ Ռուսաստանը այդ հարցով եռակողմ աշխատանքային խմբի անդամ է:

Զախարովան նկատի ունի 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը ստեղծված աշխատանքային խումբը, որը պետք է զբաղվեր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա դեբլոկադայի հարցերով:

Իհարկե, Զախարովան հայտարարել է, որ եռակողմ այդ ձևաչափը չի գործում, ըստ նրա՝ Երևանի դիրքորոշման պատճառով:

Մյուս կողմից, սակայն, Երևանը այդպես էլ չի հայտարարում նոյեմբերի 9-ի փաստաթղթի և, հետևաբար 9-րդ կետի չեղարկման մասին, ստորագրությունը ոչ ևս համարելու մասին: Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանին արել է առաջարկ և սպասում է պատասխանի՝ ավելացնելով, որ այդ առաջարկը բավարարում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մոտեցումները:

Սակայն Ադրբեջանն օրերս հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանի հոդվածի առիթով, նշելով, որ Երևանի առաջարկները չունեն «գործնական նշանակություն»:

Այլ կերպ ասած՝ դա մերժում է: Փետրվարի 14-ին տեսակապի միջոցով շփվել են սահմանազատման ու սահմանագծման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Գրիգորյանն ու Մուստաֆաևը, որոնք քննարկել են սահմանազատման գործընթացի ուղեցույցների, նաև առկա հանդիպման կազմակերպման հարցեր:

Գրիգորյանն ու Մուստաֆաևը այն եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ են, որի մասին խոսել էր Զախարովան: Երկկողմ շփմանը նրանք քննարկե՞լ են դեբլոկադայի հարցեր: Համենայն դեպս կլինի տարօրինակ քննարկման բացակայությունը: Եռակողմ շփման բացակայությունը կլինի հասկանալի, իսկ ահա երկկողմ քննարկումների բացակայությունը կլինի տարօրինակ, եթե Երևանը խոսում է առաջարկների մասին:

Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ սահմանազատման ու սահմանագծման հարցերը առիթ են նաև ճանապարհների վերաբերյալ մտքեր փոխանակելու համար: Արդյո՞ք այդ առնչությամբ որոշակի «սպասումներն» էին պատճառը, որ օրերս թեմային բավականին հստակ ու հանգամանալից անդրադարձեր կատարեց Հայաստանում Իրանի դեսպան Սոբհանին:

Ի դեպ, Սոբհանին նախօրեին հյուրընկալվել է Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին, որը դեսպանի հետ ավելի քան մեկուկես ժամ տևած հանդիպման առնչությամբ տվել է, ըստ էության, իրեն ոչ այնքան բնորոշ գունեղ գնահատական՝ «հիացմունք» դեսպանի վերջին ասուլիսի առնչությամբ:

Եթե Տեր-Պետրոսյանը դեսպանի հետ հանդիպման առնչությամբ կիրառում է այդօրինակ պերճախոսություն, ապա դա թերևս կնշանակի, որ հնչել են կարևորագույն մեսիջներ թե՛ պահի, թե՛ բովանդակության իմաստով: