Այս հոդվածի վերնագիրը մեջբերում է ժամանակակից հայ բանաստեղծ Ներսես Աթաբեկյանի գործից: Նրա բանաստեղծությունը եզրափակում է մի շատ յուրօրինակ ժողովածու, որի հրատարակումը «Շտիգեն գրուպ» ընկերության մտահղացմամբ եւ պատվերով իրականացրել է «Անտարես» հրատարակչությունը:
Ժողովածուն կազմել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Մտահղացումը հետեւյալն է՝ փնտրել եւ գտնել, թե ինչ ելքեր էին առաջարկում մեր գրողները այն ճգնաժամերից, այն աղետներից, որոնք պատուհասել էին մեր ժողովրդին: Այդ ելքերը, ինչպես նաեւ ախտերի արձանագրումները, իրարից շատ են տարբերվում, երբեմն հակասում են իրար:
Միակ բանը, որը հաստատ կարելի է ասել՝ մեր գրողներն անկեղծ էին ու սրտացավ, եւ արդեն դրանով դա որոշակի դաս է մեզ՝ այսօր ապրողներիս համար: Իսկ ճգնաժամերը, ինչպես հայտնի է, մեզնից անպակաս էին՝ այդ թվում, օրինակ, 5-րդ դարում անկախության կորուստը: Եվ օրինաչափ է, կարծում եմ, որ ժողովածուն սկսվում է Խորենացու ողբից՝ դրա «լավատեսական» դրվագից՝ «փոքր ածու» լինելու մասին:
Ժողովածուի մնացած հեղինակներն ապրել են 19-20-րդ, մասամբ նաեւ՝ 21-րդ դարերում: Թե ինչ աղետներ ենք մենք ապրել եւ ապրում այդ ընթացքում, հավանաբար, պետք չէ երկար պատմել: Ցավն այն է, որ այդ աղետների մեր՝ «տեղական» պատասխանատուներն անպատիժ են մնում: «Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ, – գրում է Հովհաննես Թումանյանը 1921 թվականին, – բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»:
Ընդհանրապես, եթե փնտրում ես ճգնաժամից ելքեր, երբ գնում ես «դեպի աղբյուրը լույսի» (ժողովածուի վերնագիրն է), բնականաբար, պետք է արձանագրես քո մեջի խավարը: Այս գրքում հեղինակները բավականին անողոք են ինքնաքննադատության, հաճախ՝ ինքնախարազանման առումով:
«Դատարկ հույսերով ենք ապրում»՝ այդպես է վերնագրված Րաֆֆու՝ 1878 թվականին գրված հոդվածը: Ժողովածուում մեջբերված հատվածում կա հետեւյալ միտքը. «Միայն մենք ուրախանում ենք, երբ եվրոպական որեւիցե լրագիր հայերի մասին ծուռ ու սխալ կերպով մի բան է հայտնել: Մխիթարվում ենք, որ եվրոպացին արժան է համարել արհամարհված հայի մասին խոսել: Մենք մխիթարվում ենք, երբ Եվրոպայի որեւիցե քաղաքում, մի ժողովի մեջ հայկական հարց է բարձրացել: Տեսեք, ասում ենք, մեզ վրա ուշադրություն են դարձնում, մեր բանը պրծած է…»:
Մեր այսօրվա «եվրոպական հույսերի» ֆոնին այդ մեջբերումը հատկապես արդիական է հնչում: Դառը խոսքերը հաճախ բաժին են հասնում մտավորականներին: «Կրնա մարմինը շատ ուժեղ ու շատ գործունյա ըլլալ, բայց երբ ուղեղը խաթարված է, այդ մարմնին շարժումը պիտի ըլլա միայն հիմարական գործունեություն եւ անպտուղ հոգնություն». – 1911 թվականին գրում է Ռուբեն Սեւակն իր «Այլասերում» հոդվածում:
Այդ փոխաբերության մեջ մարմինը ժողովուրդն է, ուղեղը՝ մտավորականությունը: Բանաստեղծի այդ, իմ կարծիքով, արդար պնդումն ընդգծում է վերնախավի (ոչ միայն մտավորական, այլեւ տնտեսական, ռազմական, պետական վերնախավի) դերը եւ հերքում է այսօր տարածված այն տեսությունը, որ գաղափարները ծնվում են «ժողովրդի ծոցում»: Մեկ այլ «մոդայիկ» ուղղություն է այսօրվա Հայաստանում՝ կրոնի, եկեղեցու վրա հարձակվելը, ժողովրդավարությունն ու հավատը հակադրելը:
Այդ «թրենդը» տարիներ առաջ զգացել է մեր, կարելի է ասել, ժամանակակից Լեւոն Խեչոյանը. «Եթե գերհզոր տերություններն անգամ, որտեղ դեմոկրատիայի առաջընթացը տասն արդար պատվիրաններին է մոտեցել, չեն հրաժարվում եկեղեցուց, գնալով զորացնում են իրենց կրոնը, առավել եւս մեզ նման փոքրաքանակ, տնտեսապես թույլ ազգը իրավունք չունի չարափառ հարձակումներով քայքայելու առաքելական եկեղեցին»:
Մի խոսքով, որ կողմից էլ նայես, գիրքն արդիական է: Հատկապես 2020 թվականի պարտության համատեքստում: Կարելի է պարտվել (ինչ արած, պատահում է), բայց չխեղճանալ, փալաս չդառնալ: Շահան Շահնուրն այդ առիթով 1929 թվականին գրում է. «Կռիվը սրբազան բան է, ճակատամարտը՝ երբեմն նույնիսկ օգտակար. անոնցմե ազգ մը դուրս կուգա պարտված կամ հաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կուգա:
Բայց նահանջը հոգիներու, գլխի պտույտ տվող զառիթափին վրա, նահանջը կջնջե, կանհետացնե ամեն բան»: Պարտությունը նույնպես կարող է նպաստել ազգաշինությանը: Եթե դրանից ճիշտ հետեւություններ են արվում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Առավոտ» օրաթերթ
Բաց մի թողեք
Ինչո՞ւ են մարդիկ ձգտում դառնալ իշխանական պատգամավոր կամ կառավարության պաշտոնյա
Այ, դրանից հետո հաստատ չի մնա ո՛չ հայրենիք, ո՛չ էլ պետություն
Փաշինյանի բանակցային «մոտեցումը» բնորոշվում է ճակատագրական անկարողությամբ. Օսկանյան