Մինչեւ 1991 թվականն իմ հայրենիքը եւ պետությունը Խորհրդային Հայաստանն էր, դրանից հետո Հայաստանի Երրորդ հանրապետությունը: Նույնը, կարծում եմ, կարող է ասել իմ սերնդակից ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը:
«Նախորդ» պետությունն ուներ սարսափելի, հրեշավոր արատներ, եւ փառք ու պատիվ մեր այն հայրենակիցներին, որոնք պայքարում էին այդ պետության դեմ: Այդ նույն պետությունը (իմ ապրած տարիներին), երբեմն՝ ի հեճուկս իր հիմնական գաղափարախոսական ձգտումների, ձեւավորել էր գիտություն, մշակույթ, որոշակի արժեքային համակարգ, որոնք նախապատրաստեցին 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը, շարժում՝ հանուն ազգային ինքնության եւ արժանապատվության:
Երրորդ Հանրապետությունը ստեղծվեց ինչպես մի պետություն, որն իր վրա պարտավորություն էր վերցրել՝ երաշխավորել Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը: 1990-ականների սկզբին այդ պետությունն ունեցավ փայլուն հաղթանակներ, որոնք 1998-ից հետո, զուտ ներքաղաքական պատճառներով, սկսեցին մերժվել:
Հիմա էլ շատերն այդ մերժողականության ալիքի վրա են: Մոտավորապես այսպես՝ «իմ հարեւանի հորեղբոր տղան իր աչքով է տեսել, թե ինչպես է Լեւոնը պայթեցնում գնացքները՝ լուցկի եւ չոր սպիրտ վաճառելու համար»: Այսօրվա մորթապաշտության, նիհիլիզմի եւ անտարբերության սաղմերը, կարծում եմ, այդ ժամանակ դրվեցին: Այժմ իմ պետությունը եւ իմ հայրենիքը դարձյալ Հայաստանի Հանրապետությունն է:
Բայց դա այն հանրապետությունը չէ, որը ստեղծվել է 1991 թվականին: Այս պետությունը ոչ միայն ի վիճակի չէ եւ չի ցանկանում պաշտպանել արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը, այլեւ պաշտոնական մակարդակով ատելություն ու թշնամանք է սփռում մեր այդ հայրենակիցների հանդեպ: Այսինքն՝ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել. այն, ինչ Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքն էր, այժմ համարվում է մի խնդիր, որը խոչընդոտում է մեր ինքնիշխանությանը:
Իսկ ի՞նչն է այդ ինքնիշխանությանը «նպաստում»: Ըստ պաշտոնական վարկածի՝ «խաղաղության համաձայնագիրը», որը, սակայն, իրականում ոչ թե բանակցված է, այլ պարզապես գրված է Ադրբեջանի կողմից: Հավանաբար, այդ ինքնիշխանությունը զորանալու է նաեւ նույն Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրության փոփոխությամբ եւ ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալով» (հենց այդ պահանջներն են օրակարգում):
Այ, դրանից հետո հաստատ չի մնա ո՛չ հայրենիք, ո՛չ էլ պետություն:
Արամ Աբրահամյան; Aravot.am
Բաց մի թողեք
Հայոց ցեղաuպшնnւթյnւնից 110 տարի անց մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ․ Քամալա Հարիս
Ջահերով երթն ու քաղաքական սնոբիզմը․ Լիլիթ Գալստյան
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր ու դժվար որոշում կայացնելու առջև