29/04/2025

Բաքուն Թրամփին նամակ է գրում՝ մատնագիր, որ Էրդողանը գտնվում է նրա մրցակիցներին ազդեցության ներքո

Ադրբեջանի քարոզչամիջոցներն արդեն երկրորդ օրն է՝ «քունը կորցրել» են այն որոշումից, որ կայացրել են Հայաստանն ու Թուրքիան: Խոսքը վերաբերում է Մարգարայի անցակետը տասը օրով բացելու որոշման մասին, որի նպատակը Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռների տարանցումն է:

Ադրբեջանի քարոզչամիջոցներն այդ համաձայնության հարցում տեսնում են գլոբալ աշխարհաքաղաքական սցենարներ՝ Թուրքիային գրեթե մեղադրելով Ադրբեջանի «թիկունքը» դաշույն «խրելու» համար:

Այն, որ քարոզչությունը շարունակվում է արդեն երկու օր շարունակ, վկայում է, որ դրա պատվիրատուն ոչ այլ ոք է, քան Ադրբեջանի իշխանությունը: Եվ եթե ադրբեջանական քարոզչությունը հայ-թուրքական այդ համաձայնության հետևում անգամ տեսնում է «համաշխարհային իմպերիալիզմը»՝ հիշատակելով ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի վարչակազմը, ապա դա, ըստ էության, նշանակում է, որ Իլհամ Ալիևը «մատնագիր» է գրում Էրդողանի դեմ՝ հասցեագրելով այն Թրամփին:

Հակառակ պարագայում որևէ իմաստ չէր ունենա պրոպագանդային հրահանգել, որ հայ-թուրքական համաձայնության հետևում «տեսնեն» իմպերիալիստներին և հիշեն Բայդենի վարչակազմը: Ըստ էության՝ ստացվում է, որ Բաքուն Թրամփին նամակ է գրում՝ մատնագիր, որ Էրդողանը գտնվում է նրա մրցակիցներին ազդեցության ներքո և այդ ազդեցությամբ որոշումներ է կայացնում հայ-թուրքական հարաբերության առնչությամբ:

Եթե բանը հասել է պրոպագանդային այդպիսի համատեքստ, թափանցիկ այդպիսի ակնարկներ պարունակող պրոպագանդիստական օպերացիայի, ապա Ալիևը կամ իսկապես խիստ տագնապել է և սահմանի ընդամենը ժամանակավոր բացումը համարել վտանգավոր նախադեպ, կամ Ալիևը փորձում է ընդամենն օգտագործել պահը Թրամփին սիրաշահելու համար՝ միաժամանակ գուցե փորձելով թանկ սակարկել Էրդողանի հետ, հատկապես տեսնելով նրա ներկայիս բարդ վիճակը ներքաղաքական առումով:

Սա, անշուշտ, չպետք է մոլորեցնող լինի Հայաստանի համար՝ առաջացնելով անհարկի ոգևորություն ու սպասումներ, թե հնարավոր է տարանջատել Թուրքիան ու Ադրբեջանը ռազմավարական իմաստով:

Այդօրինակ չափազանցված պատրանքները գործնականում կարող են անհնար դարձնել հարաբերական և դրվագային լոկալ համաձայնությունների միջոցով առաջ շարժվելն ու աշխատելը, ինչը այս փուլում Հայաստանի համար շատ կարևոր է թե՛ Կովկասի, թե՛ Մերձավոր Արևելքի առնչությամբ: Բոլորովին պետք չէ բացառել, որ Ադրբեջանի ակնառու տագնապի և նյարդայնության նպատակը նաև հենց հայկական կողմում «հաջողությունից» ոգևորություն առաջացնելն է: