Ոչ մեծ խելք, ոչ էլ մի արտակարգ տեղեկացվածություն է պետք, որպեսզի հասկացվի, որ Ռուսաստանը ձգտում է Մոսկվան դարձնել հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման հարթակ:
Իսկ ահա երևակայել, որ Իլհամ Ալիևը մտադիր է Նիկոլ Փաշինյանին «բերման ենթարկել» Բաքու և պարտադրել, որ ստորացուցիչ փաստաթուղթ ստորագրի, իրեն, երևի, միայն հայ քաղաքագետը թույլ կտա, ում մեջբերում է ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը:
Բավական առատ մեջբերումներ անելով հայ քաղաքագետից՝ ադրբեջանական լրատվամիջոցը «շունչ է առնում» և հարցնում՝ բայց Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրմամբ, այսինքն՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ և տալիս բացասական պատասխան:
Ադրբեջանցի մեկնաբանի պատկերացմամբ, որ ակնհայտորեն չի կարող հակասել իշխանության տեսլականին, քանի որ հարաբերությունների կարգավորման բանակցություններն ընթացել են երկկողմ ձևաչափով, պայմանագիրը կարող է ստորագրվել հայ-ադրբեջանական սահմանին: Բաքվի լրատվամիջոցը, իհարկե, այդ հնարավորությունը տեսնում է Ադրբեջանի առաջ քաշած երկու պայմանները կատարելուց հետո:
Այս իրավիճակը, իհարկե, գետնի վրա ուժերի հարաբերակցության առումով Հայաստանի համար ռիսկային է, անգամ մարտահրավեր է, բայց հենց այդքանով էլ՝ հնարավորություն: Տողերիս հեղինակն ավելի վաղ տպավորություն է փոխանցել, որ Ալիևի նպատակը ոչ թե Հայաստանի հետ, այլ «նրա մասին» պայմանագրի ստորագրումն է:
Միջազգային իրավիճակի կտրուկ փոփոխությունը, երբ ռուս-ամերիկյան «վերբեռնումից» ածանցվում է հետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի «պահնորդության» հաստատման բավական իրական հեռանկար, երևում է, Ադրբեջանի նախագահին դրդում է վերագնահատելու սեփական հնարավորությունները:
Ալիևը, հավանաբար, շատ ընդգրկուն «տնային աշխատանք» է կատարել և եկել եզրակացության, որ Հայաստանի հետ պայմանագրի ստորագրումը շատ որոշակիորեն բարձրացնում է Ադրբեջանի քաղաքական անկախության նշաձողը: Հայաստանի պարագայում ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն ունի նման սկզբունքային նշանակության փաստաթղթի տակ սուվերեն ստորագրությունը:
Ինչպես ասվեց, խոսքը «համադարման իրավիճակի» մասին չէ: Ոչ ոք ֆորս մաժորի հավանականությունը չի կարող բացառել: Բայց նման հնարավորություն ստեղծվում է, երևի, դարը մեկ անգամ եւ այն իրացնելու ջանքը մեկ վայրկյան իսկ չպետք է թուլանա կամ ընդհատվի:
Սոցիալական մեդիայի արցախյան տիրույթում վարկած է ներշնչվում, որ մայիսի 9-ին, նոյեմբերի 9-ի փաստաթղթող ԼՂ-ում ռուսական զորախմբի տեղակայման ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ, քանի որ Հայաստանը և Ադրբեջանը գրավոր առարկություն չեն ներկայացնի, Վլադիմիր Պուտինը «ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղաբաշխման ժամկետը ևս հինգ տարով երկարաձգելու հնարավորություն կստանա և նրանք կվերադառնան Արցախ»:
Չափազանց հաշվարկված նարատիվ է, որ հազիվ թե ստեփանակերտյան «ուղեղային կենտրոնի արտադրանք» է: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 20-ին ասել է, որ Մոսկվան պատրաստ է տարածաշրջան գործուղել «հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ բանագնաց Իգոր Խովաևին, եթե կողմերը խորհրդատվության կարիք ունեն»:
Ադրբեջանում, կարծես, հասկանում են, որ պայմանագրի ստորագրման մոսկովյան հարթակի ընտրությունը նշանակում է Ռուսաստանից հավերժ կախվածություն: Մնում է, որ Բաքուն հստակ գիտակցի, որ պայմանագրի ստորագրման ձգձգումը մի քանի անգամ մեծացնում է նույն սպառնալիքը, որ կարող է բերել Հարավային Կովկասի երեք երկրների անկախության կորստի:
Մուսավաթական Ադրբեջանն այդ խորագիտությունը չունեցավ, և բոլշեւիկյան Բաքուն դարձավ Անդրկովկասի վերագաղութացման միջնաբերդը: Իլհամ Ալիևը կկանգնի՞ նույն «փոցխին»:
Բաց մի թողեք
Հայկական բանակի վերափոխումը ունենա բովանդակություն, այլ ոչ միայն ձև
Հայաստանը եւ աշխարհը. ի՞նչ է Հայաստանի Հանրապետությունն այս աշխարհի համար
Փաշինյանը մոռանալ է խոստանում պատերազմը, իսկ ՊՆ-ն ամեն օր անդրադառնում է հակառակորդի ապատեղեկատվություններին