24/04/2025

Հայաստանը նրանց հարաբերությունների տեղատվության փուլերում կարող է լինել առիթ, բայց ոչ պատճառ

Թուրքիայի նախագահ Էրդողանը Նովրուզի մեկնարկի կապակցությամբ իր ունեցած ելույթում դարձյալ հիշել է, որ Թուրքիան օգնել է Ադրբեջանին «ազատագրել Ղարաբաղը»: Էրդողանը, խոսելով Արցախի օկուպացիայի մասին, հայտարարել է, թե «Ղարաբաղի ազատագրմամբ» նոր դարաշրջան են բացել:

Էրդողանի այս հայտարարությունները հերթական անգամ հնչում են այն դժգոհության ֆոնին, որ Ադրբեջանն իր պրոպագանդայի միջոցներով հայտնում է հայ-թուրքական սահմանը մարտի 21-31-ը բացելու մասին հայ-թուրքական համաձայնության առնչությամբ:

Ադրբեջանի պրոպագանդան, ինչպես արդեն իսկ անդրադարձել եմ, արդեն երկու օր շարունակ անթաքույց մեղադրանքներ է հնչեցնում Թուրքիայի հասցեին, «դավաճանության» իմաստ պարունակող թափանցիկ տողատակերով:

Ավելին, նույնիսկ հնչում են հարցադրումներ «թյուրքական միասնությունը» խաթարելու վերաբերյալ: Այն, որ դրան հնչում են արդեն երկու օր, պարզորոշ վկայում է, որ հետևում պաշտոնական պատվերն է, այլապես պրոպագանդայի միջոցները կամ չէին անդրադառնա, կամ անդրադարձի առաջին դեպքերից հետո չէին շարունակի:

Եթե շարունակում են, կնշանակի պաշտոնական Բաքուն բոլորովին դեմ չէ դրան: Ահա այդ ֆոնին էլ ուշագրավ է, որ Էրդողանը Ալիևին հերթական անգամ հիշեցնում է, որ Արցախի օկուպացիան տեղի է ունեցել Թուրքիայի աջակցությամբ:

Ըստ ամենայնի՝ Թուրքիայի նախագահը ադրբեջանական պրոպագանդայում ծավալված արշավը դիտարկում է երախտամոռություն՝ համարելով, որ ինքը եղել է Ալիևի կողքին, իսկ Ալիևն այժմ ոչ թե իր կողքին է, երբ ներքաղաքական բավականին բարդ վիճակ է Թուրքիայում, այլ նույնիսկ փորձում է միավորներ հավաքել իր վրա:

«Երկու եղբայրների» միջև ինչ-որ բան, իհարկե, կատարվում է, և այստեղ Հայաստանը, անշուշտ, առիթ է դրա դրսեւորման համար, իսկ կատարվողը, թերևս, առավել լուրջ է և խորքային:

Հավանաբար, այդտեղ է նաև պատճառը, որ Անկարայում Էրդողանի հետ հանդիպումից անմիջապես հետո, որ տեղի ունեցավ մարտի սկզբին, Ալիևն իր օգնական Հաջիևին գործուղել էր Լոնդոն, որտեղ նա հանդիպում էր ունեցել Բրիտանիայի պաշտպանության նախարարության պետական նախարարի հետ:

Անշուշտ, այդ ամենը չի նշանակում ադրբեջանա-թուրքական ապահարզան: Առավել ևս, որ երկուսի հարաբերություններում վայրիվերումները բոլորովին նոր երևույթ չեն: Հետևաբար, դրանք չեն կարող և չպետք է Հայաստանի և հայ հանրության համար լինեն խաբուսիկ: Հայաստանը նրանց հարաբերությունների տեղատվության փուլերում կարող է լինել առիթ, բայց ոչ պատճառ: