Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մոտ 12 ժամ տևած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո կողմերի պատվիրակությունները մամուլի համար ոչ մի մեկնաբանություն չեն արել: Ավելի ուշ ամերիկյան կողմից հավաստիացում է հնչել, որ բանակցությունների արդյունքներով կողմերը մարտի 25-ին համատեղ հայտարարություն կտարածեն: Դա, ենթադրաբար, պետք է տեղի ունենար Մոսկվայի ժամանակով 11:00-ին:
Սպասված ժամին, սակայն, ոչ միայն խոստացված հայտարարությունը չի տարածվել, այլև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլին ասել է, որ տեխնիկական բանակցությունների բովանդակությունը չի հրապարակայնացվի: Ընդ որում՝ նա ավելացրել է, որ բանակցային թիմի ներկայացրած զեկույցներն այժմ վերլուծվում են և դրանից հետո հնարավոր կլինի խոսել ինչ-որ ըմբռնումների մասին:
Էր-Ռիյադում Ռուսաստանը ներկայացրել են «Սենատի» արտաքին կապերի կոմիտեի նախագահ Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Բեսեդան, մարդիկ, որ, ինչպես հասկացվում է Պեսկովի ասածից, ընդամենը տեղեկատվական խողովակի դեր են կատարել, լսել են ամերիկացիներին, փոխանցել խնդիրների շուրջ Մոսկվայի տեսակետը, այդ երկխոսության հիման վրա արդեն Մոսկվայում «զեկույց» պատրաստել, որ ներկայումս վերլուծվում է, հավանաբար, ԱԳՆ-ում և ՌԴ նախագահի աշխատակազմում, ինչպես նաև հատուկ ծառայություններում:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը վճռականապես հայտարարել է, որ տեխնիկական բանակցությունների օրակարգը չի հրապարակվի, ինչից հասկացվում է, որ Էր-Ռիյադի բանակցային «մարաթոնը» կողմերին ոչ այնքան մոտեցրել, որքան որ հեռացրել է: Պեսկովն ասել է, որ տեսանելի ապագայում ռուս-ամերիկյան նոր հանդիպում ծրագրված չէ, իսկ եռակողմ՝ ամերիկա-ռուս-ուկրաինական բանակցություններ պարզապես չեն նախատեսվում:
Էր-Ռիյադի հանդիպումից փորձագիտական սպասում կար, որ կքննարկվի Թրամփ-Պուտին գագաթաժողով կազմակերպելու հարցը: Որոշ տեղեկություններով՝ այն կարող էր կազմակերպվել դարձյալ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում՝ ապրիլի 20-ի զատկական տոնին ընդառաջ կամ հենց նույն օրը, որտեղ էլ կազդարարվեր Ուկրաինայում հրադադարի համաձայնությունը:
Կրեմլի խոսնակի դիտարկումներից պարզ է դառնում, որ նման սպասելիքներ չկան և մոտակա շաբաթներին հազիվ թե պետք է «դիվանագիտական ճեղքման» սպասել: Կարելի՞ է ենթադրել, որ անցած մեկ օրվա ընթացքում Վաշինգտոնին և Մոսկվային չի հաջողվել համաձայնեցնել բանակցությունների մասին համատեղ հայտարարության տեքստը: Միանգամայն հնարավոր է, որովհետև, ինչպես դիվանագետներն են ասում՝ «սատանան մանրուքների մեջ է»:
Բայց, թերևս, չպետք է բացառել, որ կողմերն այնպիսի ընդհանուր մոտեցումների են հասել, որ առայժմ հրապարակայնացման ենթակա չեն՝ նկատի ունենալով ոչ այնքան դիվանագիտական, որքան ներքին քաղաքական հետևանքները:
Պարզ ասած, եթե Մոսկվան, օրինակ, համաձայնի զորքերի շփման ներկայիս գծի ֆիքսմանը և ընդունի, որ այն ձևակերպվելու է որպես «դեմարկացիոն գոտի», ապա Վլադիմիր Պուտինի համար շատ դժվար կլինի այդ որոշումը հիմնավորել զինվորականներին կամ հենց քաղաքական թիմին, որ երեք տարուց ավելի է՝ պնդում են, որ Ուկրաինան պետք է անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվի։
Հնարավո՞ր է, որ Վաշինգտոնը և Մոսկվան «պաուզա են վերցնում»՝ ակնկալելով, որ Կիևում «իրավիճակ կփոխվի» կամ այդ ժամանակը նրանց պետք է, որպեսզի դաշնակիցների հետ «տնային աշխատանք կատարեն»: Էր-Ռիյադի բանակցությունների գլխավոր թեման այսպես կոչված՝ «սևծովյան նախաձեռնությունն» է, որի շուրջ, ինչպես ռուսաստանյան կողմն է ներկայացնում, Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են ունեցել:
Միանգամայն դրական մթնոլորտում մեկնարկած բանակցությունները, սակայն, գործնական արդյունք չեն արձանագրել: Ռուսաստանը, համենայն դեպս, համարում է, որ դետալների մեջ խորանալու անհրաժեշտություն կա: Ստացվում է, որ ուկրաինական մոտալուտ կարգավորման սպասումները չեն արդարանում:
Մոսկվան ակնարկել է, որ Վաշինգտոնը պետք է մեծացնի Կիևի նկատմամբ ճնշումը: Հրադադարի հաստատման Ռուսաստանի նախապայման է մնում նաև Ուկրաինային ռազմական և հետախուզական աջակցության դադարեցումը: Սա արդեն տեխնիկական խնդիր չէ: Եվ, գուցե, Էր-Ռիյադում կողմերին հենց այդ է բաժանել:
Բաց մի թողեք
Չինաստանի նոր հետաքրքրությունները Հայաստանում և Ադրբեջանում
Փոխվել են դերակատարները, նույնն է սակրալ հարցը՝ Պուտինը կանգ կառնի՞
Շտայնմայերը Երևանից էր մեկնել Բաքու: Կալասը Երևան կայցելի Բաքվից հետո