29/04/2025

Սիրիական «քաղցրահբլիթից» ի՞նչ կմնա Թուրքիային

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյին: ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից հետո Ֆիդանը Վաշինգտոն մեկնած թուրք առաջին բարձրաստիճան պաշտոնյան է և, որքանով հասկացվում է թուրքական մամուլի հրապարակումներից, նրա անդրօվկիանոսյան ուղևորության գլխավոր նպատակը Թրամփ-Էրդողան հանդիպման կազմակերպումն է:

Անկարայի համար դա կրիտիկական նշանակություն ունի մի քանի առումներով՝ ռուս-ուկրաինական կարգավորման մասնակցություն, Գազայում հրադադարի հաստատում և Պաղեստինի անկախության բանակցությունների մեկնարկ, Սիրիայում ազդեցության գոտիների բաժանում:

Առայժմ այս երեք հարցերն են քննարկվում: Բացառված չէ, սակայն, որ Թուրքիան Միացյալ Նահանգներին փորձի «ծառայություն մատուցել» նաև իրանա-ամերիկյան միջնորդավորված շփումներում, թեև Անկարայի նկատմամբ Թեհրանի վստահությունը Սիրիայում իշխանափոխությունից հետո բարձր չէ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի վաշինգտոնյան այցի ֆոնին արևմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ մարտի 18-ին Բրյուսելում Միացյալ Նահանգների պետքարտուղարի Լևանտի և Սիրիայի հարցերով օգնական Նատաշա Ֆրանչեսկին ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շաբանիի հետ և նրան փոխանցել ԱՄՆ պահանջները, որոնք լիովին կատարելու դեպքում Դամասկոսը կարող է ակնկալել տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների որոշակի մեղմացում:

Վաշինգտոնի առաջին պահանջը վերաբերում է Ասադի վարչախմբի կողմից նոր իշխանություններին «ժառանգություն թողած» քիմիական զենքի վերջին պաշարների լիակատար ոչնչացմանը: Միացյալ Նահանգները նաև պահանջում է, որ Սիրիայի զինված ուժերում արգելվի օտարերկրյա զինյալների ծառայությունը, իսկ երրորդը մարդասիրական է՝ Սիրիայի նոր իշխանությունները պետք է աջակցել մոտ տասը տարի առաջ «անհետ կորած» լրագրող Օսթին Թայսի ճակատագրի պարզմանը:

Ամերիկյան երեք պահանջներից Թուրքիայի համար չափազանց ցավոտ կարող է լինել երկրորդը: Սիրիայում «քաղաքացիական պատերազմի» սկզբից ի վեր Թուրքիան արաբական հանրապետության հյուսիսային շրջաններում կազմավորել է «ազատագրական բանակ»՝ ներգրավելով ինչպես թուրք նախկին զինվորականների, այնպես էլ հավաքագրելով այլ երկրներից «կամավորականների», այդ թվում՝ Ադրբեջանից:

Ասադի վարչախմբի տապալումից հետո «թուրքական զորախումբը» ֆորմալ առումով ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարարության ենթակայությունը: Ըստ որոշ տեղեկությունների, սակայն, Լաթաքիայում և Տարտուսում վերջին վայրագությունները հենց այդ խմբավորումներն են իրականացրել:

Նրանք նաև փորձել են քրդերին դուրս մղել Հալեպից և շրջակայքից, ինչպես նաև պատերազմ հայտարարել անդրեփրատյան տարածքների «քրդական ինքնավարության» դեմ, որ վայելում են տեղաշրջանում ամերիկյան ռազմական հրամանատարության աջակցությունը:

Սիրիական բանակից «օտարերկրյա զինյալների» հեռացման ամերիկյան պահանջը կարող է շոշափել նաև արաբական հանրապետության Զինված ուժերում թուրք սպաների ներգրավվածությանը, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Դամասկոս Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարի ու MIT-ի տնօրենի համատեղ այցի ընթացքում:

Ֆորմալ առումով Թուրքիան «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ի կոալիցիոն գործընկերն է: Իրականում Մերձավոր Արևելքում Անկարայի գլխավոր թիրախը քրդական ռազմականացված ուժերն են, իսկ վերջիններս առայսօր վերահսկում են ԻԼԻՊ-ի զինառյաների արգելափակման ճամբարները:

Միացյալ Նահանգները բացահայտվում են որպես Սիրիայում գետնի վրա ազդեցություն ունեցող կողմ: Էրդողանի համար չափազանց բարդ է լինելու Թրամփի հետ մանավանդ այդ հարցում «ընդհանուր հայտարար» գտնել. Վաշինգտոնը, չնայած վարչակազմի փոփոխությանը հաջորդած փորձագիտական գնահատականների, Մերձավոր Արևելքից չի հեռանում: Սիրիական «քաղցրահբլիթից» ի՞նչ կմնա Թուրքիային: