29/04/2025

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը կալանավորվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը կաշառքի գործով ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել, 2 ամսով կալանավորվել է:

Այս մասին տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ էին ձերբակալվել:

Հիշեցնենք՝ փետրվարին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո նշված գործի շրջանակում մարտի 4-ին ձերբակալվել էր Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քաղաքապետարանում քննչական գործողություններն իրականացվել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:

Ձերբակալված 8 անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Արսեն Կարոյանի նկատմամբ սահմանվել էր վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։