Հայաստանի խորհրդարանում այսօր ծեծկռտուք էր «Հայաստան» դաշինքի և ՔՊ պատգամավորների միջև: Պետք է նկատել, իհարկե, որ խորհրդարանում եղել են ավելի գրավիչ տեսարաններ, և հերթականը, անշուշտ, ամենից հաջողվածներից չէր:
Հանրությանն այդօրինակ տեսարաններ մատուցելու առումով խորհրդարանական ներուժը, անկասկած, շատ ավելի մեծ է: Առավել ևս, որ այդ իմաստով հարկատուները, իհարկե, բավականին շռայլ են խորհրդարանի նկատմամբ:
Ինչ խոսք, հնարավոր է հարկատուներն իրենց գումարները խորհրդարանին «հատկացնում» են ոչ այսպիսի տեսարանների համար, այլ օրենսդրական այնպիսի գործունեության, որն իրենց դարձնում է ավելի պաշտպանված, կյանքը դարձնում է առավել անվտանգ, առավել հարմարավետ, պետական ծառայությունները՝ առավել մատչելի և օպերատիվ, հնարավորինս քիչ թղթաբանությամբ և բյուրոկրատիայով:
Հարկատուները խորհրդարանին «վճարում» են այդ ամենի օրենսդրական բազան ապահովելու, այլ ոչ թե տեսարաններ ապահովելու համար: Բայց եթե խորհրդարանի մեծամասնությունն ի վիճակը չէ ապահովել կենսագործունեության ամենատարբեր ոլորտների իրական ռեֆորմացիա, իրական արդիականացում, ապա պետք է խորհրդարանական ընդդիմության հետ «ձեռք ձեռքի» կամ «ուս ուսի» տված ապահովի տեսարաններ:
Այդ պատկերը բավարարում է թե՛ իշխող մեծամասնությանը, թե՛ նաև խորհրդարանական ընդդիմությանը, քանի որ այդպիսով երկուստեք ամրագրում են ներքաղաքական մի ստատուս քվո, որը թույլ է տալիս քաղաքական իմաստով «մակաբուծել» այդպիսի տեսարանների վրա:
Հայաստանի խորհրդարանական ինստիտուտը, որը կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում ունի իշխանության ներկայացուցչական միակ առաջնային մանդատի կարգավիճակ, ըստ էության վերածվել է պարզապես տեսարանային «արտադրամասի»:
Այլ կերպ ասած, Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելով պետություն է, բայց առանց, ըստ էության, դե ֆակտո խորհրդարանի: Դե յուրե խորհրդարանը կա, իհարկե, իր դասական ամբողջ ատրիբուտիկայով, բայց դե ֆակտո այդ ինստիտուտը շատ վաղուց վերածվել է նախկինների և ներկաների անվերջ վիճաբանության ակումբի կամ «փակ բաժնետիրական ընկերության»:
Եվ այս ամենը՝ թե՛ Հայաստանի, թե՛աշխարհի համար բախտորոշ մի ժամանարջանում:
Բաց մի թողեք
Հայաստանն ու Վրաստանը շոշափում են նո՞ւյն, թե՝ տարբեր բաներ
Մերձավոր Արևելքում անվտանգության ճարտարապետության փոփոխությունն ու Հայաստանը
Ի՞նչ նպատակ է հետապնդում «կարող էինք ավելի լավ պայմաններով զինադադար ունենալ, բայց Փաշինյանը մերժեց» քարոզչությունը