24/04/2025

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

CNN հեռուստաալիքը հրապարակել է այն դիմանկարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Դիմանկարի հեղինակը ռուս ճանաչված նկարիչ Նիկաս Սաֆրոնովն է։ Նկարը Վաշինգտոն էր հասցվել դեռ այս տարվա մարտին՝ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջոցով։ Ուիթքոֆը դիմանկարը ներկայացրել է որպես «հրաշալի աշխատանք» և նշել է, որ Թրամփը «շատ հուզված է եղել»։

Այս մասին նա պատմել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին։

Դիմանկարում Թրամփը պատկերված է ԱՄՆ դրոշի և Ազատության արձանի ֆոնի վրա՝ վեր պարզած, բռունցքով սեղմված ձեռքով։ Այդ ժեստը հիշեցնում է 2024 թվականի հուլիսին Փենսիլվանիայում նրա դեմ իրականացված մահափորձից հետո արված հայտնի լուսանկարը, որը լայնորեն օգտագործվել է Թրամփի նախընտրական արշավի ընթացքում։

Նկարիչ Նիկաս Սաֆրոնովը հաստատել է, որ դիմանկարը իր աշխատանքն է։

CNN-ին տված մեկնաբանությունում նա նշել է, որ սկզբում տեղյակ չի եղել, թե նկարը պատրաստվում է Կրեմլի պատվերով։ «Երբ սկսեցի աշխատել դիմանկարի վրա, հասկացա, որ այն կարող է մերձեցնել մեր երկրները, ուստի որոշեցի դրա համար գումար չվերցնել, քանի որ կասկածում էի, թե ինչ նպատակով է այն ստեղծվում»,- ասել է նա:

img-7645-1.webp (396 KB)