29/04/2025

Շտայնմայերը Երևանից էր մեկնել Բաքու: Կալասը Երևան կայցելի Բաքվից հետո

«Ադրբեջանը Եվրոպայի կարևոր գործընկերն է»,-Բաքվում հայտարարել է ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության Բարձր հանձնակատար Կայա Կալասը, որը ապրիլի 25-ին ժամանել է Բաքու և բանակցություն վարել Իլհամ Ալիևի հետ:

Կալասը Բաքվում հայտարարել է, որ պայմանավորվել են վերսկսել ԵՄ-Ադրբեջան գործընկերության փաստաթղթի շուրջ բանակցությունը:

Բաքվում Կալասի հայտարարություններից էականներից մեկն այն է, որ նա խոսել է ԵՄ-Կենտրոնական Ասիա հարաբերության խորացման և այդ հարցում Ադրբեջանի դերի մասին՝ ասելով, որ դա քննարկել է Ալիևի հետ:

Ապրիլի սկզբին Սամարղանդում կայացավ ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կարևորության, այդ հարցում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացման «բեկումնային նշանակության» մասին:

Այդ հայտարարությանը շատ կոշտ արձագանք հնչեց Բաքվից, այն մասին, թե Եվրամիությունը ի՞նչ գործ ունի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների հետ, դա Եվրոպայի գործը չէ: Այդ հայտարարության հեղինակն այն մարդն էր, որի հետ Բաքվում այսօր հանդիպել է Կայա Կալասը: Խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին է: Կալասը Ալիևի հետ քննարկելով Կենտրոնական Ասիայի հետ կապերի հարցը՝ քննարկե՞լ է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների թեման:

Եվ այդ համատեքստում, Կալասը Ալիևի հետ քննարկե՞լ է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության հարցը, որի վերաբերյալ Ադրբեջանի պահանջները հայտնի են: Կալասը Բաքվում հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանք գործադրել ռեգիոնում խաղաղության գործընթացին աջակցելու համար:

Ջանքը, իհարկե, կոնկրետ հասկացություն, հատկապես այն պարագայում, որ խաղաղության գործընթացի առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումները կառուցված են գրեթե համատարած նախապայմաններով և պահանջներով:

Ինչպիսի՞ն է դրանց վերաբերյալ Կայա Կալասի դիրքորոշումը: Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, օրինակ, Բաքվում հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի ստորագրման առնչությամբ Ադրբեջանի նախապայմաններն իրականացվելի են: Եվրամիության Բարձր հանձնակատարը նո՞ւյն կարծիքին է: Շտայնմայերը Երևանից էր մեկնել Բաքու: Կալասը Երևան կայցելի Բաքվից հետո: